ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Սահմանված կարգի խախտմամբ հրավառությունները մոտ ապագայում կարող են տուգանվել բավականին մեծ չափերով։ Sputnik Արմենիայի թղթակցի տեղեկացմամբ` այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` ներկայացնելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի նախագծը։
Ըստ օրինագծի` կանոնների, պահանջների խախտմամբ առաջին անգամ հրավառության իրականացումը տուգանվելու է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, այսինքն՝ 1 մլն դրամով։
Նույն արարքը առաջին տուգանքի նշանակման օրվանից հաշված մեկ տարվա ընթացքում կրկնելը հանգեցնելու է տուգանքի նշանակման` 2000-ապատիկի չափով, այսինքն՝ երկու մլն դրամով։
Երրորդ անգամ արդեն, ըստ փոխքաղաքապետի, խախտում թույլ տվողին կզրկեն այդ գործունեությունն իրականացնելու թույլտվությունից։
Նախատեսվում է նաև տուգանք գիշերային ժամերին լռության խախտման դեպքում։ Տուգանքը կլինի նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։
«Եթե 23:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն նա խախտում է լռությունը հրագործական առարկաների օգտագործմամբ, ապա այդ դեպքում առաջին անգամ տուգանքը սահմանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ երկրորդ դեպքում՝ երկուհարյուրապատիկի չափով», — օրինագիծը ներկայացրել է Կամո Արեյանը։
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է այս օրինագիծը, որը ընդունելուց հետո կընդունվեն կառավարության որոշումներ, որոնցով կսահմանվեն չափորոշիչները։
Ինչ վերաբերում է կենցաղային նշանակության փոքր հրավառություններին, ապա կառավարությունը նաև այդ ոլորտը կկարգավորի` ընդհանուր չափորոշիչներ սահմանելով դրանց կիրառման համար։ Որից հետո դրանց վերաբերյալ դարձյալ կընդունվեն նորմատիվ ակտեր՝ կառավարության և ավագանու որոշմամբ: