ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ՀՀ արտգործնախարարությունում կարծում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը նախընտրական քարոզարշավի սկիզբն է։ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն այս մասին գրել է Twitter-ի իր էջում։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «պետք է առավել մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա»:
«Ադրբեջանի գերագույն սիրաճնշիկը (давлин) սկսել է իր «նախընտրական» արշավը: Ու գնաց… Ի դեպ, հենց նա է ասել, որ Ադրբեջանում ապահովված են բոլոր հիմնարար ազատությունները»,- գրել է Բալայանը:
Իլհամ Ալիևը Հայաստանի վրա ճնշում գործադրելու և մի շարք այլ նմանատիպ ամպագորգոռ հայտարարություններով հանդես է եկել Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարի ընթացքում:
Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահական ընտրություններ անցկացնելու հրամանագիր է ստորագրել։ Փաստաթղթի համաձայն` պետության նախագահի ընտրությունները տեղի կունենան ոչ թե 2018 թվականի հոկտեմբերին, ինչպես նախատեսվում էր, այլ ապրիլի 11-ին։