Հայաստանի ոստիկանությունը մեզ ավելի շատ կնկարի. օրենքն ընդունված է

Տեսախցիկները կլինեն ստացիոնար և շարժական, բայց առանց նախազգուշացման նկարել չի կարելի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հայաստանի ոստիկանությունը կարող է տեսախցիկների միջոցով հետևել հասարակական վայրերին։ ԱԺ-ն կողմ քվեարկեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Դեմ հանդես եկավ ընդդիմությունը` «Ծառուկյան դաշինքը» և «Ելքը»։

Փետրվարի 8-ից շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք կկիրառվի

Ըստ օրենքի` ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել լուսանկարահանող և տեսանկարահանող սարքեր։ Դրանց առկայության մասին կհրապարակվի նախազգուշացում։ Տեսախցիկների հասցեները կտեղադրվեն ոստիկանության պաշտոնական կայքում։

Իսկ ոստիկանները կկրեն շարժական տեսախցիկներ, որոնք մշտապես միացված կլինեն։ Մոտենալով քաղաքացիներին` նրանք պետք է նախազգուշացնեն նկարահանման մասին, իսկ տեսախցիկը պետք է լինի երևացող տեղում։ Գաղտնի նկարահանումը կթույլատրվի միայն օրենքով սահմանված օպերատիվ միջոցառումների դեպքում։

Տեսագրությունները կարելի է պահել մեկ շաբաթ։ Տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի կամ ճանապարհային ոստիկանության պետի որոշմամբ տարաժամկետվում է, եթե.

1. տեխնիկական միջոցներով հայտնաբերվել կամ ամրագրվել է հանցագործության դեպք կամ հասարակական կարգի (այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության) խախտում,

2. բողոքարկվել են ոստիկանության ծառայողների գործողությունները կամ ոստիկանության ծառայողի կողմից թույլ տված իրավախախտման մասին լրատվության միջոցի հաղորդման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն,

3. անձինք իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու խնդրանքով դիմել են ոստիկանություն։