ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հայաստանի տնտեսության մեջ արված ներդրումները 2017 թվականի ընթացքում 856 միլիոն դոլար են կազմել։ Այս մասին խորհրդարանում կառավարական հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Կարեն Կարապետյանը` պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին։
Վարչապետը նաև հավելել է, որ այդպիսով` 830-840 միլիոն ներդրում ապահովելու իր խոստումը կատարել է։
Այդ ներդրումներից 580 միլիոնը մասնավոր են։ Դրանից բացի, երկրի մարզերում 190 միլիարդ դրամի (մոտ 390 միլիոն դոլարի) ներդրումային ծրագրեր են մեկնարկել։
Կարապետյանը նաև ընդգծեց, որ ներդրումներն ու արտահանումները չեն սահմանափակվել միայն Ռուսաստանով։ 2018 թվականի հունվարի օպերատիվ տվյաների համաձայն` Հայաստանում արտահանման ծավալներն աճել են 43,3%–ով` ի հաշիվ Եվրասիական միության սահմաններից դուրս գտնվող պետություններ իրակացրած արտահանումների հաշվին։