Կարեն Հարությունյանի նվերը կամ ինչպես աշխարհի գավաթը հայտնվեց Երևանում

Աշխարհի գավաթն այսօր կցուցադրվի Երևանում։ Սա գավաթի պաշտոնական առաջին այցն է Հայաստան։ Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը պատմում է, թե ինչպես է աշխարհի գավաթը 19 տարի առաջ ոչ պաշտոնական այցով «ժամանել» մեր երկիր։
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik.

1999 թվականի սեպտեմբերին հայ ֆուտբոլասերն անհամբեր սպասում էր Հայաստանի ազգային հավաքականի և այդ պահին աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ընտրանու հանդիպմանը: Բայց խաղից առաջ ֆրանսիացի ֆուտբոլային գործիչները նվեր մատուցեցին` Երևան բերելով աշխարհի գավաթը:

Հայերը կկարողանան տեսնել ֆուտբոլային գլխավոր մրցանակը. աշխարհի գավաթը հասնում է Երևան

Այդ տարիներին «Երևան» ֆուտբոլային ակումբի նախագահ, ֆուտբոլային աշխարհին հայտնի Կարեն Հարությունյանին խոստանալով նվեր մատուցել հանդիպումից առաջ` հայկական ֆուտբոլի մեծ նվիրյալ, Ֆրանսիայի հայկական համայնքի կարկառուն ներկայացուցիչ, երջանկահիշատակ Ալբեր Արսթանյանի մտահղացմամբ` աշխարհի գավաթը ոչ պաշտոնական այցով հայտնվեց Երևանում:

Հարությունյանը շատ լավ է հիշում, թե ինչը նախորդեց աշխարհի գավաթի հայաստանյան այցին։

«Հայաստան-Ֆրանսիա խաղից առաջ, որը պետք է կայանար 2000 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում, ֆրանսիացի ընկերներս, գործընկերներս ինձ հարցրին, թե ինչ նվեր եմ ուզում: Ես էլ նշեցի` հիշարժան ինչ-որ բան: Ու ինձ համար մեծ անակնկալ էր, որ նրանք կարողացան 1998 թվականին Ֆրանսիայի չեմպիոն դառնալուց հետո նվաճած գավաթը բերել Հայաստան: Զարմացա, բայց շատ ուրախացա։ Շատերը կարողացան իրենց ձեռքում պահել ֆուտբոլի ամենաբարձրագույն նվաճումը՝ աշխարհի գավաթը»,- Sputnik Արմենիային պատմեց Հարությունյանը:

Քանի որ աշխարհի գավաթը ոչ պաշտոնապես էր բերվել Հայաստան, այդ պատճառով պաշտոնական ցուցադրություն չեղավ։ Բայց Հարությունյանն ու նրա գործընկերները փոքրիկ ցուցադրություն կազմակերպեցին, և աշխարհի գավաթը հայտնվեց Երևանի կոնյակի գործարանում։

Կարեն Հարությունյանի նվերը կամ ինչպես աշխարհի գավաթը հայտնվեց Երևանում

«Մենք փորձեցինք գավաթը տեսնելու կամ դրա կողքին նկարվելու հնարավորություն տալ հնարավորին չափ շատ մարդկանց»,- ասաց Հարությունյանը:

Աշխարհի գավաթը ձեռքերում պահելը ինչ- որ մոգական ուժ է տալիս ֆուտբոլասերին։

«Առաջին հայացքից սովորական գավաթ է, բայց քանի որ գիտես, թե ինչքան քրտինք ու աշխատանք է հարկավոր այդ գավաթը նվաճելու համար, և այն իրականում ինչ է իրենից ներկայացնում, գավաթի հետ շփվելիս կարծես մի պահ զգում ես այդ մեծ հաղթանակի բերկրանքը, որն անհասանելի է թվում: Հուսանք, որ հիշողություններն ու գավաթի հերթական այցը նոր հաջողություններ կբերեն մեր ազգային հավաքականին»,- նշեց Հարությունյանը:

Կարեն Հարությունյանի նվերը կամ ինչպես աշխարհի գավաթը հայտնվեց Երևանում

Նշենք, որ այսօր` փետրվարի 7-ին, աշխարհի գավաթի հանրային ցուցադրություն կկազմակերպվի։ Բոլոր ցանկացողները կարող են գավաթը տեսնել Ազատության հրապարակում ժամը 16:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: