Հայկական խառնաշփոթ. ռուսաստանցի Աշոտը պատահմամբ իմացել է, որ առանց անձնագրի հանցագործ է

Երկու հայ համադասարանցիները գնացել են տարբեր ուղիներով. մեկը դարձել է գործարար, մյուսը` հանցագործ։ Բայց նրանց ուղիները կրկին խաչվել են Ռուսաստանում, և հանցագործը որոշել է «քաշել» գործարարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հայաստանից Ռուսաստան տեղափոխված երկու հայերը իսկական դետեկտիվ պատմության մեջ են ընկել` փաստաթղթերի կեղծում, անձի իրավաբանական կորուստ, ընտանեկան դրամա։ Նախկին համադասարանցիներ Աշոտ Սիմոնյանի և Ռուբեն Գևորգյանի բարդ կյանքի մասին պատմում է «ՄԲԽ մեդիան»։

Ինչու՞ պետք է ամաչեմ, որ հայ եմ․ Հոլիվուդի «կնքահոր» խոստովանությունը

Ամեն ինչ սկսվել է 2013թ-ին, երբ Ռուսաստանի քաղաքացի, գործարար Աշոտ Սիմոնյանը «գրին քարտ» է շահել և պատրաստվել է ընտանիքի հետ մեկնել ԱՄՆ։ Բայց հանկարծ ՆԳՆ վարչության տեղեկանքից իմացել է, որ ինքը կրկնահանցագործ է և մի քանի դատվածություն ունի. առաջին անգամ «նստել» է 2006թ-ին։

Պարզվել է, որ ութ տարի առաջ Հայաստանի քաղաքացի Ռուբեն Գևորգյանը` Սիմոնյանի նախկին համադասարանցին, դատվել է կողոպուտի համար, բայց բանտ է նստել Աշոտ Սիմոնյանի անձնագրի պատճենով, որը ձերբակալության պահին եղել է նրա մոտ։

«Ռուբենն օգնել է Աշոտին վաճառել ավտոմեքենան, ուստի նրա մոտ եղել է Սիմոնյանի անձնագրի պատճենը։ Հետո Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են Ռուբենին կողոպուտի համար։ Նրա մոտ էլ եղել է միայն այդ պատճենը։ Դա էլ կցել են քրեական գործին, որը քննել է Մոսկվայի Դորոգոմիլյան շրջանային դատարանը», — պատմում է պարբերականը երկու հայերի պատմությունը։

Դրանից հետո Ռուբեն Գևորգյանը ևս երկու անգամ դատվել է, երկու անգամ էլ կողոպուտի համար` բռնության գործադրումով, և տվյալ պահին գաղութում է։

Այդ ամենի մասին Աշոտ Սիմոնյանն իմացել է սեփական հետաքննության արդյունքում. տղամարդը մասնագիտությամբ իրավաբան է։ 2014թ-ից սկսած` նա դիմում է տարբեր ատյաններ` փորձելով ապացուցել, որ ինքն իսկական Աշոտ Սիմոնյանն է և քրեական հանցագործություններ չի կատարել։ Աշոտն առայժմ հաջողությունների չի հասել, փոխարենն իր մասին ավելի հետաքրքիր մանրամասներ է իմացել. պարզվել է, որ նրա անձնագիրն իրականում անվավեր է դարձել։

Հայերը «հարսանիք են արել» հենց երկնքում. զվարճալի տեսանյութ

«Իմ տվյալներով անձնագիրը դեռ 2009թ-ին տրամադրել են Գևորգյանին, իսկ անձնագիրն անվավեր են ճանաչել։ Հիմա գաղութում դատապարտյալների համար ընթացակարգ կա, երբ Պատիժներն իրագործելու դաշնային ծառայության աշխատակիցները դիմում են գրում կորցրած փաստաթղթերի փոխարեն նորը տրամադրելու համար, իսկ բանտարկյալները բանտից դուրս են գալիս ոչ թե տեղեկանքով, այլ անձնագրով», — պատմել է Սիմոնյանը։

Այդ մասին նա կրկին պատահաբար իմացել է 2015թ-ին, երբ բանկ է գնացել` փոխանցում կատարելու։ Բանկում նրան ասել են, որ անձնագիրն անվավեր է։

Այդպիսով Հայաստանի քաղաքացի Ռուբեն Գևորգյանը մի քանի օրում ստացել է ՌԴ քաղաքացու անձնագիր, իսկ Աշոտ Սիմոնյանը զարմանքով իմացել, որ այլևս անձնագիր չունի։

Այսօր Աշոտ Սիմոնյանին հաջողվել է լուծել անձնագրի խնդիրը և չեղյալ հայտարարել դատվածություններից ընդամենը մեկը։

…Իսկ Դետրոյթում Աշոտին սպասում են կինն ու երկու փոքրիկները. այս խառնաշփոթի պատճառով հայրը ստիպված է Skype-ով դաստիարակել երեխաներին։