Բնություն` պարտքի դիմաց. Հայաստանը գտել է արտաքին պարտքը թեթևացնելու ձևը

Բնապահպանության նախարարությունը Հայաստանի արտաքին պարտքը թեթևացնելու նոր մեթոդ է գտել։ Թե ինչպես է այն գործարկվելու և ինչ արդյունք է ակնկալվում, պատմել է բնապահպանության փոխնախարարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Բնապահպանություն` պարտքի դիմաց։ Հայաստանն արտաքին պարտքից ազատելու այս նոր ծրագիրը մշակել է ՀՀ բնապահպանության նախարարությունը։ Դրա համաձայն` Հայաստանում բնապահպանական ծրագրեր իրականացնելուն զուգահեռ կարելի է թեթևացնել նաև արտաքին պարտքի ծանր բեռը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը`ներկայացնելով նաև այդ նպատակն իրականացնելու ուղիները։

«Հաշվի պետք է առնվի, թե բնապահպանության ոլորտում Հայաստանը որ ուղղություններով է միջազգային պարտավորություններ ստանձնել: Այս պահին Համաշխարհային բանկի հետ մշակում ենք ընթացակարգերը, որոնցով մեր երկիրը առաջ կգնա: Նախնական ծրագրային մոտեցումները ավարտուն տեսքի բերելուց հետո դրանք կներկայացնենք հանրությանը»,-ասաց Հակոբյանը:

Փոխնախարարի խոսքով` միայն Հայաստան-Եվրամիություն հուշագրի շրջանակում Հայաստանը 30 նման պարտավորություն է ստանձնել։

2017թ-ի ընթացքում 5 մլն դոլարի բնապահպանական ծրագրեր արդեն իրականացվել են, ևս 70 մլն դոլարի դրամաշնորհային համաձայնագրեր էլ ստորագրված են, որոնց մի մասն արդեն իրականացման փուլում է:

Նախարարությունում կատարված նախնական հաշվարկներով` Հայաստանը շուրջ 570 մլն դոլարի ներուժ ունի։ Այլ կերպ ասած` բնապահպանական ծրագրեր իրականացնելով կարող է շուրջ 570 մլն դոլարով նվազեցնել Հայաստանի արտաքին պարտքը։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով, 2017 թվականին ՀՀ պետական պարտքը հատել է 6,7 մլրդ դոլարի սահմանը։