ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Մոլդովայի «Շերիֆ» ակումբի հետ պայմանագիր է ստորագրել։ Այս մասին տեղեկացրել է ակումբի մամուլի ծառայությունը։
Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 7-ին Թուրքիայի Բելեք քաղաքում։ Օզբիլիսը ակումբի հինգերորդ նոր խաղացողն է։
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Օզբիլիսը իր կարիերան սկսել է Նիդեռլանդների ամենահայտնի ակումբում` Ամստերդամի «Այաքս»–ում, որտեղ ընդգրվել էր 8 տարեկանում։ Իր մասնագիտական վերելքի ընթացքում նա խաղացել է նաև Կրասնոդարի «Կուբանի», Մոսկվայի «Սպարտակի», Իսպանիայի «Ռայո Վալեկանո»–ի և Թուրքիայի «Բեշիկթաշ»–ի կազմում։
Արազն առավոտյան մարզումների ժամանակ ծանոթացել է մարզչական շտաբի և թիմակիցների հետ։ Երեկոյան նորեկի առաջին մարզումներն էին այդ թիմի կազմում։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ–ները հայտնում էին, որ Ստամբուլի «Բեշիկթաշի» կիսապաշտպանը կարող է Ղազախստան տեղափոխվել։ «Կուբանի» և «Սպարտակի» նախկին 27-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված էր «Ակտոբեն»։
Դեռ անցյալ տարվա վերջից պարբերաբար լուրեր էի տարածվում այն մասին, թե «Բեշիկթաշը» մտադիր է հրաժարվել Օզբիլիսի ծառայություններից։ Դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ հայ կիսապաշտպանը կտեղափոխվի այլ ակումբ` լքելով «Բեշիկթաշը»։
«Բեշիկթաշը» Օզբիլիսին և ուկրաինացի դարպասապահ Դենիս Բոյկոյին հեռացրել էր խաղաշրջանի մյուս կեսի համար ներայացվող հայտից։ Թուրքիայի առաջնության այս խաղաշրջանում Բոյկոն և Օզբիլիսը խաղադաշտ դուրս չեն եկել։