ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Փետրվարի 6-ից 7-ը ՊԲ-ում անց են կացվել մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Դրանց մասնակցել են ՊԲ-ի, միավորումների և մի շարք զորամասերի վարչակազմերը, ղեկավարման և ապահովման մարմինները: Համաբանակային նշանակության գործընթացներին հետևում էին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները՝ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ:
Համաձայն ստացված ներմուծականների՝ ստուգումներին ընդգրկված բոլոր կառույցներն ու ստորաբաժանումները բերվել են «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի, ծավալվել նախատեսված կենտրոնացման և մարտական կիրառման շրջաններում, ապա անցել առաջադրված խնդիրների կատարմանը:
Մարզումների ընթացքում, ըստ պայմանականորեն զարգացող մարտական իրադրության պահանջների, առանձին ուսումնամարտական առաջադրանքներ են կատարել նաև մասնակից զորամասերի տարբեր ստորաբաժանումներ: Վերադաս հրամանատարությունը ունկնդրել է ներկայացվող զեկույցները, հետևել իրականացվող գործընթացների համապատասխանությանը ներկայացվող պահանջներին՝ ընթացքում նաև ուղղորդելով և որոշակի շտկումներ կատարելով իրականացվող աշխատանքներում:
Մասնակից բոլոր օղակի հրամանատարները, միավորումները, զորամասերն ու ղեկավարման մարմինները դրսևորել են մարտական պատրաստականության պատշաճ մակարդակ: Դրանց արդյունքում կատարելագործվել է բանակի ղեկավարման համակարգը, զորատեսակների և զորամասերի ներդաշնակման մակարդակը, մարտական պատրաստականության «բարձր» աստիճանների բերվելու ունակությունները:
Արդյունքների ամփոփման ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել իրականացված մարտական պատրաստականության միջոցառումները և փաստել, որ ՊԲ-ն ունակ է ժամանակին և համարժեք արձագանքելու օպերատիվ մարտավարական իրադրության զարգացումներին և, ըստ այդմ, արդյունավետորեն հակազդելու հակառակորդի հավանական գործողություններին: