ՌԱԴԻՈ

Կարապետյան. «Ադրբեջանն արտահերթ ընտրությունների լուրջ պատճառաբանություն չի ներկայացնի»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երկրի նախագահական ընտրություններն արտահերթ կարգով անցկացնելու որոշումը որևէ կապ չունի Հայաստանի և Արցախի հիմնախնդրի հետ, իրականում խնդիրներն Ադրբեջանի ներսում են, և դրանցով էլ պայմանավորված է նախագահի որոշումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը։
Sputnik

Նաիրա Կարապետյան
«Միջազգային կառույցների հավաստիացմամբ և կատարած վերլուծությունների տվյալներով` Ադրբեջանը շատ մեծ պարտքեր ունի` թե արտաքին և թե ներքին։ Չնայած նավթի գների կտրուկ անկում չի նախատեսվում, բայց Ադրբեջանը չի կարողանում մարել իր պարտքերը, և երկրում սուղ տնտեսական վիճակ է։ Մյուս կողմից էլ ավտորիտար ռեժիմը մեծ դժգոհություններ է առաջացրել Ադրբեջանի հասարակության շրջանում և Եվրոպական կառույցներում, որոնք ճնշումներ են գործադրում այդ երկրի վրա։ Թերևս այդ դժգոհությունների ազդեցությունը ընտրությունների ելքի վրա կանխելու համար էլ Ալիևը որոշել է ժամանակից շուտ անցացնել նախագահական ընտրությունները»,- ասում է պատգամավորը։

Ամեն դեպքում նա կարծում է, որ Ադրբեջանի իշխանություններն այդ որոշման համար որևէ լուրջ պատճառ չեն կարող ներկայացնել և հիշեցնում է մեր նախագահի դիտարկումը Ստրասբուրգում, երբ Սերժ Սարգսյանն ասել էր` քանի որ ադրբեջանցիներն ամեն ինչով փորձում են նմանակել մեզ և քանի որ մեր ընտրությունները գարնանն են, նրանք էլ են ուզում գարնանն ընտրություններ անցկացնել։