Միլիարդների կորուստ. ինչքա՞ն գումար կորցրին աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում

Ամերիկյան շուկաներում գրանցված ռեկորդային անկման պատճառով աշխարհի հարուստ մարդկանցից 500–ը 114 միլիարդ դոլար են կորցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Փետրվարի 5-ին ամերիկյան շուկաների ռեկորդային անկումից հետո աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 114 միլիարդ դոլար են կորցրել։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:

Ամենաշատը տուժել է Ուորեն Բաֆետը, նա աշխարհի երրորդ ամենահարուստ մարդն է, Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիրն ու ղեկավարը: Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ նրա կարողությունը կրճատվել է 5,1 միլիարդ դոլարով:

Ամենահարուստ «հայը». Վաշինգտոնը ՀՀ քաղաքացիություն է «տվել» ռուսաստանցի միլիարդատիրոջը

Facebook Inc-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը կրճատվել է 3,6 միլիարդ դոլարով:

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, մեկ օրում 3,3 միլիարդ դոլար է կորցրել: Նրան հետևում են Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը՝ Google-ի համահիմնադիրները: Նրանք կորցրել են 2,3 միլիարդական դոլար:

Նշենք, որ փետրվարի 5-ին ամերիկյան Dow Jones Industrial Average արդյունաբերական ինդեքսը 4,6 տոկոսի անկում է ունեցել Նյու Յորքի ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների արդյունքներով: Սա պատմության ամբողջ ընթացքի ամենառեկորդային անկումն է ։