Ի՞նչ է ծրագրում Թուրքիան. Մեծ Թուրան` Նախիջևանի միջով

Պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ թուրքական քաղաքականությունում շարունակում է առաջնային մնալ Նախիջևանով և Մեղրիով Կենտրոնական Ասիա դուրս գալու ծրագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանի հետ ցամաքային կապով Կենտրոնական Ասիա դուրս գալու ծրագրից, Sputnik Արմենիային ասաց ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղինակ Հարությունյանը` մեկնաբանելով Նախիջևանում պարբերաբար կազմակերպվող զորավարժություններն ու ռազմական խմբավորումների ուժեղացումը ։

«Նախիջևանում ադրբեջանական ռազմական խմբավորման ուժեղացման խնդիրը բխում է Թուրքիայի աշխարհաքաղաքական խնդիրներից։ Թուրքիան ուզում է իրականացնել «Մեծ Թուրան» ստեղծելու ծրագիրը, որը թուրքական խալիֆաթի ստեղծում է ենթադրում», — ասաց Հարությունյանը։

Ըստ նախկին նախարարի` դրա ապացույցը կարելի է գտնել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու գրքում։ Այնտեղ գրված էր, որ քրիստոնյա Եվրոպան սպառել է իրեն, ապագան թուրքական իսլամինն է։ Ըստ Դավութօղլու` դա կհանգեցնի նրան, որ Թուրքիան առաջատար կլինի ամբողջ թուրքական աշխարհում։

«Սա գաղափարական խնդիր է, որն իրականացվում է ռազմաքաղաքական մեթոդներով։ Նախիջևանում Թուրքիան վաղուց էր ուժեղացնում իր բանակը։ Ընդ որում` նրանք ամեն ինչ անում էին, որ Նախիջևանը չեզոք մնար. արևելք անցնելու համար դա նրանց պլացդարմն է», — ասաց Հարությունյանը։

Թուրքական բանակը կմարսի՞ Էրդողանի «ձիթենիները»

Նրա կարծիքով` Մեծ Թուրանի ստեղծման առաջին փուլը Նախիջևան դուրս գալն է։ Պատահական չէ, որ դեռևս 30-ականներին Իրանի հետ տարածքային փոխանակում տեղի ունեցավ, որից հետո Թուրքիան միջանցք ստացավ Նախիջևանի հետ։

Երկրորդ փուլը, Հարությունյանը խոսքով, Մեղրին է։ Պատահական չէ, որ ի հայտ եկավ Գոբլի ծրագիրը (Արցախի կարգավորման վերաբերյալ). ցամաքային սահմանով Նախիջևանից ելք դեպի Ադրբեջան, այնուհետև Կենտրոնական Ասիա։ Ամերիկացի քաղաքագետ, Պետդեպի նախկին աշխատակից Փոլ Գոբլի ծրագրի համաձայն` Ադրբեջանին առաջարկվում էր հանձնել Հայաստանին Սյունիքի մարզով անցնող միջանցքը (Մեղրիի միջանցք), որը կապում է Հայաստանը Նախիջևանի հետ, ԼՂՀ և Հայաստանի միջև գտնվող Լաչինի միջանքի փոխարեն։

«Ակնհայտ է, որ այդ սպառնալիքը եղել է, կա ու կլինի։ Մեր խնդիրն այն վերացնելն է», — ասաց Հարությունյանը։

Պանթուրքիզմը ռասիստական ագրեսիվ դոկտրին է, ըստ որի`թուրքախոս բոլոր ժողովուրդները իբր մեկ ազգ են և պետք է Թուրքիայի գլխավորությամբ մեկ միասնական պետության մեջ միավորվեն։ Ենթադրվում է, որ նոր պետությունը (Մեծ Թուրան) պետք է զբաղեցնի Բալկաններից Սիբիր ընկած տարածքը։