Քրդերը հայտնել են Աֆրինում 59 թուրք զինվորականի ոչնչացման մասին

Քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի» (YPG) ներկայացուցիչները հերքել են Անկարայի այն պնդումը, թե թուրքական զորքերը հսկողություն են սահմանել Աֆրինի 16 սահմանամերձ գյուղերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Սիրիական Աֆրինում` Հալեպից դեպի հյուսիս–արևմուտք ընկած հատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով քրդերը 59 թուրք զինվոր ու վարձկան են ոչնչացրել, ինչպես նաև շարքից հանել են երեք միավոր զրահատեխնիկա։ Այս մասին հայտնում է Firat գործակալությունը։

Քրդերը հարձակվել են «Սիրիայի ազատ բանակի» թուրքական զորքերի ու ստորաբաժանումների վրա միաժամանակ ճակատի մի քանի հատվածներում։

Գործակալության տվյալների համաձայն` քուրդ աշխարհազորայինները հակառակորդին վնաս են հասցրել Շիրան, Շադիա, Շախորջ շրջաններում գտնվող Ուքեյնա և Դեքմեթաշ բնակավայրերում, ինչպես նաև Թել Կաստել բլուրների վրա։

Թուրքական զրահամեքենաները ներխուժել են սիրիական Աֆրին քաղաք

Քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի» (YPG) ներկայացուցիչները նաև հերքել են Անկարայի պնդումը, թե թուրքական զորքերը հսկողություն են սահմանել Աֆրինի 16 սահմանամերձ գյուղերում։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտնել էր «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այն ուղղված էր սիրիական Աֆրինում քրդերի ձևավորումների դեմ։ Թուրքական զինուժի հետ միաժամանակ գործում էին «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները։

Դամասկոսը դատարապարտել է Թուրքիայի գործողությունները Աֆրինում՝ նշելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է։ Մոսկվան բոլոր կողմերին կոչ է արել զուսպ լինել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։

Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի տվյալների համաձայն` գործողության ընթացքում թուրքական բանակը 16 մարդ է կորցրել, ավելի քան 60–ը վիրավոր են։