Ինչո՞ւ էին ինձ ուզում ձերբակալել. Փաշինյանը դիմել է Իտալիայի դեսպանին

Նիկոլ Փաշինյանը փորձում է պարզել, թե ինչու էին իրեն ուզում ձերբակալել Հռոմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլիին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու էին իրեն փորձում ձերբակալել Հռոմում։ Նա նամակի բովանդակությունը հրապարակել է Ֆեյսբուքում։

«Հունվարի 30-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Իտալիայի ոստիկանության ներկայացուցիչները ինձ բերման ենթարկելու փորձ են արել՝ պատճառաբանելով, որ Հայաստանի իշխանությունները Ինտերպոլի միջոցով իմ նկատմամբ հետախուզում են հայտարարել»,- գրել է Փաշինյանը։

Նա անդրադարձել է նաև Հայաստանի ոստիկանության պարզաբանմանը, ըստ որի` Փաշինյանի նկատմամբ միջազգային հետախուզումը հանվել է դեռեւս 2009 թվականին։

«Ելնելով վերը նշվածից՝ խնդրում եմ պարզաբանել, թե ի վերջո ի՞նչ հիմնավորմամբ էին Իտալիայի ոստիկանության ներկայացուցիչները փորձում ինձ բերման ենթարկել»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ոստիկանությունն այս կապակցությամբ պարզաբանում էր ներկայացրել և նշել, որ 01.07.2009 թ-ին Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու մասին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն տեղեկացրել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները: