Սալմոնելայով շոկոլադ. անվտա՞նգ է արդյոք Հայաստանում վաճառվող քաղցրավենիքը

«Մարս» ընկերության արտադրած կոնֆետներում հայտնաբերվել են սալմոնելա վարակի հարուցիչներ։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե հանրահայտ ընկերության արտադրանքը որքանով է սպառնում հայ սպառողների առողջությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Քաղցրավենիքի աշխարհահռչակ արտադրող «Մարս» ընկերությունը հետ է կանչել իր արտադրանքը` դրանում աղիքային վարակի հարուցիչի` սալմոնելայի առկայության կասկածանքով։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքում։

Sputnik Արմենիան դիմեց ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայություն` պարզելու, թե այդ ընկերության արտադրած քաղցրավենիքը որտեղից է ներկրվում Հայաստան։

Պարզվեց, որ վերջին 4-5 ամիսների ընթացքում Իռլանդիայում արտադրված կոնֆետներ Հայաստան չեն ներկրվել։

«2017թ-ի վերջին երեք ամիսներին և 2018-ի ընթացքում հիմնական ներմուծողները «Մարս» ընկերության արտադրանք են ներկրել հիմնականում երկու երկրից` գերակշիռ մասը ՌԴ-ից, ավելի քիչ` ԱՄՆ-ից։ Եվրոպական արտադրության քաղցրավենիքի չնչին քանակություն է ներկրվել։ Իսկ կոնկրետ Իռլանդիայում արտադրված կոնֆետ այդ ժամանակահատվածում Հայաստան չի ներկրվել»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՍԱՊԾ-ից։

«Մարս» ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ վարակի հարուցիչներ են հայտնաբերվել միայն Իռլանդիայում արտադրված, մինչև 13.05.18 պահպանման ժամկետ ունեցող Galaxy singles 42g և Maltesers Fun Sizeс տեսակի կոնֆետներում։