Դամասկոսում գնդակոծել են Ռուսաստանի Առևտրային ներկայացուցչության շենքը

ՌԴ ԱԳՆ–ն կոչ է արել միջազգային հանրությանը պատշաճ գնահատական տալ ահաբեկիչների գործողություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Դամասկոսում Ռուսաստանի Առևտրային ներկայացուցչության շենքը երեքշաբթի ենթարկվել է ականանետային գնդակոծության, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Զոհեր և տուժածներ չկան, սակայն շենքը զգալի նյութական վնաս է կրել։

«Սա ձեզ տղերքի համար». Սու-25–ի սպանված օդաչուի վերջին բառերը

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես 16։00-ին. շենքի վրա 120-միլիմետրանոց ական է ընկել։ Իր մեկնաբանությունում Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է առևտրային ներկայացուցչության շենքի գնդակոծությունը և միջազգային հանրությանը կոչ արել արդար գնահատական տալ գրոհին։

«Վճռականորեն դատապարտում ենք Դամասկոսում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչության դեմ ահաբեկիչների հերթական գրոհը։ Սա մի օղակն է այն հանցագործությունների շղթայում, որոնք վերջին օրերին իրագործել են խաղաղ բնակչության դեմ», — նշվում է հաղորդագրությունում։

ԱԳՆ-ում նաև հիշեցրել են, որ նախօրեին Դամասկոսի Հին քաղաքում ականանետային գնդակոծության տակ էր հայտնվել ռուսական ոչ կառավարական պատվիրակությունը, որին շտապ տարհանել էին դեպքի վայրից։

«Դիմում ենք միջազգային և տարածաշրջանային գործընկերներին` կոչ անելով օբյեկտիվորեն նայել պատահածին և պատշաճ սկզբունքային գնահատական տալ նրանց գործողություններին, ովքեր ահաբեկչական հարձակումներ են կատարում` ուղղված դիվանագիտական ներկայացուցչությունների և մարդասիրական առաքելությունների դեմ», — հայտարարել է ԱԳՆ-ն։