ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով պարզվել են Լոռու մարզի անչափահաս բնակչուհու առևանգման և վերջինիս նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, և քրեական գործն ուղարկվել դատարան:
2017թ. սեպտեմբերի 7-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, առևանգվել է Լոռու մարզի անչափահաս բնակչուհի՝ ծնված 1999թ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ աղջկան առևանգել են Լոռու մարզի 4 բնակիչ. նրան նախ տեղափոխել են ք. Գյումրի, ապա՝ Երևան, այնուհետև՝ Էջմիածին, որտեղ երիտասարդներից մեկը փորձել է սեռական բնույթի ոտնձգություն կատարել, սակայն աղջիկը դիմադրել է։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, հստակեցվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց գործողությունները:
Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզի բնակիչն անչափահաս աղջկան ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության է եկել իր երեք ընկերների հետ: Պայմանավորվածության համաձայն՝ դեպքի օրը վերջիններս գնացել են աղջկա տան մոտ և, բռնություն գործադրելով, հարկադրաբար նրան նստեցրել ավտոմեքենան ու փախցրել: Էջմիածնում երիտասարդը փորձել է բռնության գործադրմամբ սեռական հարաբերություն ունենալ անչափահասի հետ, սակայն վերջինիս ցուցաբերած դիմադրության արդյունքում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: