ՌԱԴԻՈ

Թորոսյան. «Հայաստանը կկարողանա օգտվել ռուս-վրացական առևտրային ճանապարհից»

Վրաստանի և Ռուսաստանի միջև դեռևս 2011 թվականին կնքված «Առևտրային միջանցքների» պայմանագրի վերակենդանացման նախաձեռնությունը շահավետ քայլ է նաև Հայաստանի համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը։
Sputnik

Շիրակ Թորոսյան
«Որոշակի իրավիճակ է փոխվել վրաց-ռուսական հարաբերություններում. առևտրային միջանցքներ բացելու վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2011 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև, բայց այն միայն հիմա են կյանքի կոչում։ Ընդ որում` այն ժամանակ երրորդ կողմ նկատի չի առնվել, ինչին կարող էին հավակնել Հարավային Օսիան, Աբխազիան կամ Հայաստանը։ 2017 թվականին տեղեկացվեց, որ ինչպես պայմանագրով նախատեսված էր` Աբխազիայի և Օսիայի տարածքներով բեռնափոխադրումների անցկացումն ու վերահսկողությունը պետք է իրականացնի շվեյցարական միջնորդ մոնիտորինգային կազմակերպությունը։ Արդեն Վրաստանն այդ կազմակերպության հետ համապատասխան համաձայնագիր է կնքել և նման քայլ ակնկալվում է նաև Ռուսաստանի կողմից»։

Թորոսյանը նշում է նաև, որ այդուհանդերձ հայկական կողմը կկարողանա օգտվել այդ ուղուց։ Ռուսական և վրացական կողմերը չեն հերքել այն տեղեկությունը, որ Հայաստանը կարող է օգտվել այդ ճանապարհից։ Իսկ 2017 թվական վերջին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ ֆորսմաժորային իրավիճակներում մեր երկիրը կարող է վրաց-ռուսական առևտրային ուղին որպես տարանցիկ ճանապարհ օգտագործել։