Բելառուսական «Պոլոնեզներն» Ադրբեջան չեն մտնի. Երևանը ճնշե՞լ է Մինսկին

Հայ հասարակությանը բարդ կլիներ բացատրել Մինսկի ոչ միանշանակ պահվածքը, որը ՀԱՊԿ–ում և ԵԱՏՄ–ում Հայաստանի դաշնակիցն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը հանդես է եկել բավական հետաքրքիր, գրեթե սենսացիոն հայտարարությամբ։ Նա ասել է, որ Մինսկը հրաժարվել է Ադրբեջան առաքել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։

Այս հայտարարությանը սենսացիոն բնույթ է հաղորդում այն, թե ինչպիսի ցուցադրական հանդիսավորությամբ էին ադրբեջանական պաշտոնյաները, ԶԼՄ-ները և փորձագետները խոսում «Պոլոնեզների» վաճառքի մասին` որպես արդեն գրեթե իրագործված փաստ։ Որոշ ժամանակ անց բելառուս վերլուծաբանից իմանում ենք, որ գործարքը տապալվել է։

«Մենք ուզում էինք «Պոլոնեզ» վաճառել Ադրբեջանին։ Բայց Հայաստանը` ՀԱՊԿ-ում մեր գործընկերը, դեմ էր դրան։ Գործարքը չի կայացել։ Հավանաբար «Պոլոնեզի» առաջին գնորդը կդառնա Ղազախստանը», — Ալեսինի ասածը մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Ավելին` չի բացառվում, որ Բելառուսը շուտով կսկսի զենք վաճառել Հայաստանին։

Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել էր Մինսկ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ բելառուսական ղեկավարության հետ քննարկվել է Բաքվի կողմից տվյալ հրթիռային համալիրները ձեռք բերելու հարցը։ Չնայած նրան, որ հարցը վերաբերում է նշանակությամբ, գործառույթներով և մարտական խնդիրներով բոլորովին տարբեր միջոցների մասին, այնուհանդերձ Բաքվում ակտիվ քննարկել են այս թեման` «Պոլոնեզ» գնելը ներկայացնելով որպես հայկական բանակում առկա «Իսկանդերի» պատասխան։

Տհաճ անակնկալ Երևանի համար. արդյո՞ք Բաքուն բելառուսական «Պոլոնեզ» կունենա

Եթե Բաքուն նման ահեղ զենք ստանար, ապա կարող էր լուրջ գլխացավանք դառնալ Երևանի համար։ Գործարքը հասարակական-քաղաքական մեծ աղմուկ կբարձրացներ Հայաստանում։ Հայ հասարակությանը բարդ կլիներ բացատրել Մինսկի ոչ միանշանակ պահվածքը, որը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցն է։

Բելառուս փորձագետի հայտարարությունը հաստատեց նաև Հայաստանի ՊՆ-ում Sputnik Արմենիայի աղբյուրը։ Նա առաջին հերթին նշեց այն հանգամանքը, որ «Պոլոնեզի» վաճառքը կհակասեր ՀԱՊԿ շրջանակում գործընկերային հարաբերությունների տրամաբանությանը։

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, հայկական կողմն ամենաբարձր մակարդակում ցույց է տվել, որ գործարքն անթույլատրելի է, սպառնալիքի տակ է դրվում արցախյան հակամարտության գոտում ուժերի հավասարակշռության հարցը։ Նրա խոսքով` մինչև հիմա Երևանն աչք է փակել, որ բելառուսական կողմը մեծ քանակությամբ սպառազինությունն և ռազմական տեխնիկա է մատակարարել Ադրբեջան, օգնել արդիականացնել Ադրբեջանի տրամադրության տակ եղած Սու-25 և Սու-27 գրոհիչ և կործանիչ ինքնաթիռները։

Հայ ռազմական վերլուծաբան Կարեն Վրթանեսյանի կարծիքով` առայժմ բարդ է ասել, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

«Բացառված չէ, որ գործարքն իրականում չեղյալ է հայտարարվել։ Մյուս կողմից, հնարավոր է, որ այն չի էլ ծրագրվել, եթե հաշվի առնենք, որ այդ տեղեկատվական իրարանցումը «Պոլոնեզի» շուրջ ծագել է ադրբեջանական կողմի մատուցմամբ։ Նույնիսկ բելառուսական մամուլում այդ թեմայի վերաբերյալ տեղեկությունները հրապարակել են` հղում անելով ադրբեջանական աղբյուրներին։ Այստեղ բոլոր սցենարները հնարավոր են», — նշեց Վրթանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Պոլոնեզ» համակարգը նախատեսված է հակառակորդի ցանկացած խմբային կամ կետային թիրախները, կենդանի ուժը և զինտեխնիկան խոցելու համար։ Այն ներառում է մարտական հսկողության մեքենա, տրանսպորտալիցքավորող մեքենա և տարբեր նշանակության հրթիռներ` տրանսպորտագործարկման կոնտեյներներում։

Իր մարտավարատեխնիկական բնութագրերով տվյալ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը գերազանցում են ռուսական տարբերակներին, մասնավորապես` «Սմերչերին», որոնց հեռահարությունը 90 կմ է։