ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների տարածքում գործող գիշերային ակումբի 6 պարուհիները նաև սեքսուալ բնույթի ծառայություններ են մատուցում։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն` որոշ մանրամասներ հայտնելով քրեական գործի արդյունքում կատարված բացահայտումներից։ Ակումբում կատարված խուզարկության ժամանակ առանձնասենյակներից մեկում հայտնաբերվել է նաև հաճախորդը պարուհի-մարմնավաճառուհու հետ։
Քրեական գործի շրջանակում կատարված խուզարկությունների, դեպքի վայրի զննության, հարցաքննությունների արդյունքում պարզվել է, որ գիշերային ակումբի շոու-ծրագրերի 6 պարուհիները միաժամանակ նաև սեքսուալ բնույթի ծառայություններ են մատուցում ակումբի հաճախորդներին։ Իսկ ակումբի սեփականատեր, Երևանի 65-ամյա բնակչուհին դրա համար ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ տրամադրելով հարմարավետ առանձնասենյակներ։
Նախաքննությամբ պարզվել է, որ պարուհի-մարմնավաճառներն ակումբի նախասրահում հաճախորդների հետ համաձայնության են եկել վարձատրման շուրջ, գումարի կեսը տվել ակումբի տիրուհուն, մնացած մասը` պահել իրենց։
Գիշերային ակումբի տիրուհուն պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանք է առաջադրվել: Քննչական կոմիտեն հայտնում է, որ կինն իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել։
Նախաքննությունը շարունակվում է։