«Ատելություն է սերմանում Թուրքիայի դեմ». Կարո Փայլանի դեմ է դուրս եկել թուրքական մամուլը

Կոշտ մեկնաբանությունների պատճառ է դարձել հայ պատգամավորի` ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի` ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցից հետո թուրքական ԶԼՄ-ները սուր քննադատության են ենթարկել պատգամավորին։

Կարո Փայլան. «Սիրիայի քրդերը կարող են արժանանալ հայերի ճակատագրին»

Հատկապես աչքի է ընկել Star թերթը։ «ԺԴԿ պատգամավորն ատելություն է սերմանում Թուրքիայի դեմ» վերնագրով հոդվածում պարբերականը պատգամավորին մեղադրում է երկերեսանիության և թուրքական պետության վերաբերյալ զրպարտություն տարածելու մեջ։ «Թուրք պատգամավորը շարունակում է ստել այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» մասին։ Բացի այդ, նա դիտավորյալ լռում է քրդերի կողմից խաղաղ թուրք բնակիչների սպանությունների մասին», — գրում է թերթը։

Պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ է գրել Ensonhaber.com պարբերականը։ Հետ չեն մնացել նաև ոչ այնքան հայտնի թերթերն ու կայքերը։

2017թ-ի սկզբին Կարո Փայլանը պատժվել էր «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար, նրան զրկել էին խորհրդարանի երեք նիստի մասնակցելու իրավունքից։ Ավելի ուշ առաջարկել էին նրան զրկել պատգամավորի մանդատից «ազգային ատելություն հրահրելու» համար։ Սակայն ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը, Կարո Փայլանը պահանջել էր անցկացնել օրենքի փորձաքննություն, որի համաձայն Թուրքիայից արտաքսվել են հազարավոր հայեր։ Նա կոչ էր արել թուրք խորհրդարանականներին օգնել արդարությունն ու ճշմարտությունը վերականգնելու գործին` նոր հանցագործություններից խուսափելու համար։