Հայաստանն ու Իրանը ծրագրում են ավելացնել գազն էլեկտրականությամբ փոխանակելու ծավալը

Հայաստանում Իրանի դեսպան Քազեմ Սաջադին ասել է, որ երկու երկրները հեռահար ծրագրեր ունեն այդ ոլորտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Գազն էլեկտրականությամբ փոխանակելու հայ-իրանական նախագծի ներուժը զգալիորեն կավելանա, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Քազեմ Սաջադին իրանական IRNA տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում։ Դիվանագետը հարցազրույցում անդրադարձել է երկու թեմայի` գազի հարցին և առողջապահության ոլորտի համագործակցությանը։

Ինչ վերաբերում է կապույտ վառելիքին, Սաջադին նշել է, որ երկու երկրները հեռահար ծրագրեր ունեն այդ հարցում։

«Գազային պայմանագիրը ստորագրվել է փոխադարձ էներգետիկ կապերի զարգացմանն ուղղված ջանքերի արդյունքում, և ապագայում նախատեսվում է ավելացնել այդ նախագծի հզորությունը», — ասել է դիվանագետը։

Բացի այդ, Սաջադին հայտնել է, որ Երևանում հայ-իրանական համատեղ ջանքերով ստեղծվել է «Ճառագայթային թերապիայի կենտրոն» համատեղ ձեռնարկությունը, ուր շաբաթ օրը` փետրվարի 4-ին նշվող Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին այցելել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Կարապետյան. «Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման առաջարկ կա՞, ցույց տվեք»

«Իրանցի ներդրողները երկու տարում կառուցել են կենտրոնը` հիմնվելով սեփական ներդրումների և հայ գործընկերների ֆինանսների վրա», — ասել է Սաջադին և հույս հայտնել, որ նոր կենտրոնը կարևոր դեր կխաղա առողջապահության համակարգում և թույլ կտա նոր մակարդակի բարձրացնել հայկական և իրանական կողմերի միջև գիտելիքների փոխանակումը։ Նրա ասածը մեջբերում է Iran.ru-ն։

Նշենք, որ 2017թ-ի առաջին կիսամյակում Իրանին բաժին է ընկել Հայաստան առաքվող գազի 15 տոկոսը, Ռուսաստանին` մնացած 85 տոկոսը։ Գործող սխեմայի համաձայն` իրանական գազն առաքվում է Հրազդանի ՋԷԿ, որտեղ յուրաքանչյուր 1000 խմ-ից ստանում են մոտավորապես 4,5 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ 3 կՎտ/ժ-ը վերադարձնում են Իրանին, իսկ տարբերությունը մնում է Հայաստանում։