Հայաստանում երթևեկող ավտոմեքենաների խցիկներում ռումբեր են տեղադրված. ի՞նչ անել

Հայաստանյան ավտոմեքենաների 98%-ի բեռնախցիկում ռումբ է տեղադրված, վստահեցնում են գազաբալոնային սարքավորումների ոլորտն ուսումնասիրած մասնագետները և դրանցից ազատվելու տարբերակներ ներկայացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների ավելի քան 90%-ն աշխատում են գազով, պաշտոնապես գրանցված 400 000 գազաբալոնային սարքավորումներից 2017թ-ին տեխնիկական փորձաքննություն է անցել 3400-ը, 337 սարքավորում որակվել է խոտանված։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը։

«Հիմնականում փորձաքննություն են անցնում խոշոր ընկերությունների («Գազպրոմ Արմենիա», «Վիոլիա ջուր» և այլն) ավտոմեքենաները։ Մնացած 98%-ը փորձաքննություն չեն անցնում։ Հատկապես հասարակական տրանսպորտի պարագայում, մենք նստում ենք տրանսպորտ ու չգիտենք, թե ինչ կարող է պատահել այդ ավտոմեքենային»,- ասաց Տիգրանյանը։

Նա նաև նշեց, որ պաշտոնական վիճակագրական տվյալներով, 2016թ-ին Հայաստանում հրդեհվել կամ պայթել են գազով շահագործվող 119 ավտոմեքենա, վիրավորվել է 9 մարդ, 2015-ին հրդեհվել է 92, մահացել` 9, վիրավորվել` 7, 2014-ին` հրդեհվել են 102, մահացել` 10, վիրավորվել` 19 մարդ։

Ասուլիսին ներկա «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը Հայաստանում գազով շահագործվող ավտոմեքենաների շուրջ ստեղծված իրավիճակը որակեց պայթյունավտանգ։

«Դա նույնն է, թե ամեն ավտոմեքենայի մեջ մեկական ռումբ լինի տեղադրված»,-ասաց Չիլինգարյանը։

Գազով աշխատող ավտոմեքենաների անվտանգության միակ պատասխանատուն այսօր գործող օրենսդրությամբ, Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն է։ Մկրտիչ Տիգրանյանը, սակայն, վստահեցնում է, որ 2005թ-ից ի վեր այս մարմինը գազաբալոնների ոլորտում որևէ հետազոտություն չի իրականացրել։

«Փտած» մեքենաներ կամ «փտած» վարորդական իրավունք. ո՞վ է վթարների մեծամասնության «հեղինակը»

Ստեղծված իրավիճակը շտկելու միակ ելքը բանախոսների համոզմամբ, նոր օրենսդրական կարգավորումներն են, որոնք կառավարությունն 2017թ-ից մշակել է։ Դրանցով նախատեսվում է ստեղծել նոր լիազոր մարմին և տեխնիկական փորձաքննություն անցած բալոններով ավտոմեքենաների էլեկտրոնային շտեմարան, իսկ գազալցակայաններում` քարտային սպասարկման համակարգ։ Այս ամենի արդյունքում շտեմարանում բացակայող ավտոմեքենաների տերերը կզրկվեն իրենց ավտոմեքենան լիցքավորելու իրավունքից։

Բայց օրենսդրական նոր փաթեթը, որ նախատեսվում էր անցյալ տարի դեկտեմբերին հաստատել և ներկայացնել ԱԺ։ Բայց, Մկրտիչ Տիգրանյանի խոսքով, հունվարին կառավարությունը նոր փոփոխություններ է կատարել օրինագծերի փաթեթում և մինչ օրս չի հաստատել։

Ի դեպ, Տիգրանյանը նաև տեղեկացրեց, որ գազաբալոնի փորձաքննությունն արժե 10-15 հազար դրամ, տևում է 40 րոպեից 1 ժամ։ Անվտանգ շահագործման համար գազաբալոնը պետք է փորձաքննության ենթարկվի յուրաքանչյուր 1-2 տարին մեկ անգամ։