Առեղծվածային դեպք Երևանում. տղամարդու մերկ դիակ են հայտնաբերել

Նոր Նորքի 8-րդ զանգվածում հայտնաբերված դիակն անճանաչելի է եղել
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Երեկ` փետրվարի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորքի 8-րդ զանգվածում ԽՍՀՄ տարիներին կառուցված անվադողերի արտադրամասին հարակից դաշտում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները, որոնք նշված վայրում հայտնաբերել են ամբողջովին մերկ, 50-55 տարեկան տղամարդու դի:

Դին տեղափոխելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 17 ջոկատի փրկարարները:

Ըստ կայքի` դին անճանաչելի է եղել։ Դատաբժշկի հորդորով այն տեղափոխել են դիահերձարան՝ հետագայում մահվան հանգամանքները պարզելու համար:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: