ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. 2018թ. հունվարի 20-ին, ժամը 18։45-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է ընդունվել 1990թ.–ին ծնված Երևանի մի բնակիչ։
Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ, 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող: Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը ծանր մարմնական վնասվածքն ստացել է Ռոստովյան փողոցի վրա գործող ավտոլվացման կետերից մեկի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը ավտոլվացման կետի տարածքում հանդիպել են 1993 և 1995 թթ. ծնված երկու երիտասարդներ՝ մասնավոր հարցերի շուրջ պարզաբանումների համար, որին մասնակցել են նաև նրանց ծանոթները։ Հանդիպման ընթացքում առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածել է ավտոլվացման կետի աշխատակիցներից մեկին՝ 27-ամյա երիտասարդին։
Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1998թ., ըմբշամարտիկ։
Օրենքով սահմանված կարգով վերջինիս լուսանկարը ճանաչման է ներկայացվել տուժողին, ով մատնացույց է արել 20-ամյա երիտասարդի լուսանկարը և հայտարարել, որ նա է հարվածել իրեն։
Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել 1998 թ. ծնված երիտասարդին ներգրավել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ վիճաբանության մասնակից բոլոր անձանց գործողություններն անհատականացնելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: