Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կանդրադառնան նաև Մոսկվայի գործընկերների վրա. փորձագետ

ԵԱՏՄ–ի շրջանակներում փոխգործակցելու արդյունավետ միջոց է պետք գտնել այդ ճնշմանը հակազդելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի, գուցե նաև հետխորհրդային տարածքում նրա գործընկերների վրա ԱՄՆ–ի կողմից տնտեսական ճնշումները ժամանակի ընթացքում միայն կավելանան, հետևաբար, պետք է ԵԱՏՄ շրջանակներում արդյունավետ համագործակցության միջոց գտնել ` նպատակ ունենալով հակազդել այդ ճնշումներին։

Հայաստանը տարբեր շուկաների, մշակույթների համար դարպաս կծառայի. Կարեն Կարապետյան

Այս մասին հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի ՇՀԿ եվրասիական ինտեգրման և զարգացման բաժնի վարիչ, փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը «Եվրասիական միջկառավարական խորհուրդ. Ալմաթիի գագաթնաժողովի արդյունքները» Մոսկվա–Աստանա–Երևան–Բիշքեկ–Մինսկ տեսակապի ժամանակ։ Նրա խոսքով` ԱՄՆ–ի և Արևմուտքի պատժամիջոցներն, ընդհանուր առմամբ, լուրջ խոչընդոտ են ԵԱՏՄ զարգացման ճանապարհին։

Եվրոպայում ԱՄՆ–ի մի շարք գործընկերներ հիացած չեն Մոսկվայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով, քանի որ դրանց պատճառով մեծ կորուստներ է ունենում նաև եվրոպական բիզնեսը, նշեց Եվսեևը։

«Ըստ այդմ` մենք պետք է ԵՄ–ի հետ համագործակցության կամուրջ կառուցենք։ Այդ առումով ԵՄ–ի հետ Հայաստանի կողմից շրջանակային համաձայնագրի ստորագրումը կարող է ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև համագործակցության նախադեպ դառնալ», – համոզված է ռուս փորձագետը։

Եվսեևը մեկնաբանում է, որ Հայաստանը ԵՄ–ի հետ բավական սերտ տնտեսական կապեր է զարգացնում, հայաստանյան բանկերը ինտեգրված են ԵՄ բանկային համակարգին, իսկ եվրոպական երկրներում սփյուռքի խոշոր կառույցների առկայությունը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ երկխոսություն կառուցելու ճանապարհին։ Երկխոսություն, որը կարելի է պրոեկտել նաև ԵԱՏՄ–ի հետ։

Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. պաշտոնյաների հարազատներին և ընկերներին թույլ չեն տա գնալ ԱՄՆ

Եվս մեկ մեխանիզմ, որը թույլ կտար որոշակի առումով վերացնել պատժամիջոցների ազդեցությունը, Եվսեևի կարծիքով, կարող է դառնալ ԵԱՏՄ–ի և առանձին պետությունների` Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը։ Նա հիշեցրել է, որ Վիետնամի հետ արդեն համապատասխան համաձայնագիր է ստորագրվել, և ազատ առևտրի գոտու աշխարհագրությունն անհրաժեշտ է ընդլայնել։

«ԱՄՆ–ն շատ կցանկանար, եթե ոչ ոչնչացնել ԵԱՏՄ–ն, ապա առնվազն այն այնպիսի կազմակերպություն դարձնել, որը զուտ ձևական բնույթ կկրեր, անգործ և անարդյունավետ կլիներ», – կարծում է Եվսեևը։

ԵԱՏՄ–ն համաշխարհային տնտեսության նոր ուժային կենտրոն դարձնելու անհրաժեշտության մասին խոսել է նաև «Այլընտրանք»  հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը։ ԵԱՏՄ զարգացումն ու ուժեղացումը ենթադրում է միասնական շուկայի ստեղծում, որտեղ խաղացողները ոչ թե դուրս կմղեին միմյանց, այլ կլրացնեին։ Հայաստանն իր կողմից, ըստ Մանասերյանի, երբեք որևէ գործողություններ չի ձեռնարկել ԵԱՏՄ այլ երկրների տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը սահմանափակելու համար։