ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Մխիթարյանն իր ողջ կյանքը նվիրել է ֆուտբոլին։ Հայաստանում լավագույն խաղացող դառնալու համար հարկավոր է հաստատակամ, համառ և նպատակասլաց լինել։ Արսեն Վենգերի կարծիքն է ներկայացնում The Telegraph-ը։
«Նոր խաղացողների հայտնվելը միշտ դրական է ազդում թիմի վրա, ֆուտբոլիստներն արթնանում են, զգոնանում, քանի որ նրանց համար նոր մրցակից է հայտնվում, և նրանք պետք է աշխատեն հաղթահարել այդ մրցակցությունը»,- Արսեն Վենգերի խոսքերն է մեջբերում հոդվածի հեղինակը։
Նրա խոսքով` «Արսենալի» խաղը մեծ մասամբ հիմնված է ընդհանուր թիմային ոգու վրա, երբ թիմի անդամները տեսնում են, որ նորեկներն ընդունում են խաղի իրենց տեսլականը, նրանց համար հեշտ է դառնում թիմի մեջ ներգրավվելու գործընթացը։ Դա շատ կարևոր է։
«Մխիթարյանն ամբողջությամբ կենտրոնացած է ֆուտբոլի վրա, ամբողջ էությամբ խաղի մեջ է։ Նա Հայաստանից է, երկիր, որտեղ հարկավոր է հաստատակամություն, համառություն և նպատակասլացություն ցուցաբերես` լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար։ Քեզ պետք է իսկապես դուր գա ֆուտբոլը, նվիրվես դրան»,- ասել է Վենգերը։
Հրապարակման հեղինակը նշում է, որ չնայած Ահարոն Ռեմզիի, Քևին դե Բրյույնի և Մոհամեդ Սալախի ակնհայտ հաջողությանը` այնուհանդերձ հանրության զգալի մասի ուշադրությունը սևեռված էր հենց Մխիթարյանի վրա։ Ըստ նրա` երեք գոլային փոխանցումը հայ ֆուտբոլիստի արդյունավետության լուռ վիճակագրությունը դարձան։ Նա ավելին արեց, քան Ալեքսիս Սանչեսը «Արսենալի» կազմում խաղալու ժամանակ:
«Նաև Պյեր-Էմերիկ Օբամեյանգի գոլի շնորհիվ օդում անիմանալի ինչ- որ բան էր «սավառնում»։ Ժպիտներ, ուրախություն, լավատեսություն, հույս»,- ասել է Վենգերը։
Նրա հավաստիացմամբ` 29-ամյա Մխիթարյանի խաղը նրան հիշեցրել է Սանտի Կասոռլայի մասին: «Վերջին տարիներին խաղադաշտում հենց նրա բացակայության ժամանակ է «Արսեալը» մեծ ձախողումներ թույլ տվել։ Նրանք որոշ նմանություն ունեն»,- ասել է Վենգերը։
Անգլիայի պրեմիեր լիգայի 26-րդ մցաշարում «Արսենալը» ջախջախեց «Էվերտոնին»՝ 5:1 հաշվով: Հենրիխ Մխիթարյանն իր առաջնախաղում մեկնարկային կազմում անհավանական խաղ ցուցադրեց՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվեց անգլիական չեմպիոնատի այս սեզոնին երեք գոլային փոխանցում կատարել մեկ խաղի ընթացքում: