Football.London-ի գնահատականը Մխիթարյանին. նրա ամենաուժեղ կողմը երևակայությունն է

Լոնդոնյան Football.London պարբերականը, Հայաստանի հավաքականի կապիտան և «զինագործների» նորեկ Հենրիխ Մխիթարյանին նվիրված սյունակում անդրադառնալով Մխիթարյանի և Ալեքսիս Սանչեսի փոխանակման գործարքին, գրել է, որ այն կընդգրկվի պատմության դասագրքերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Սյունակագիրն անդրադարձել է Մխիթարյանի մասնակցությամբ «Արսենալի» վերջին երկու խաղերին` ամփոփելով խաղին նրա ցուցաբերած արդյունքները և փորձելով կանխատեսել նոր թիմում մեր ֆուտբոլիստին սպասող հեռանկարները։ ««Զինագործների» կազմում Մխիթարյանի առաջնախաղն ինչո՞ւ է «Արսենալի» ստեղծագործ հանճարի համար ընդամենը մեկնարկ համարվում» վերնագրով հոդվածում հեղինակը նշում է, որ Մխիթարյանը, ըստ էության Եվրոպայի լավագույն փլեյմեյքերներից է, ով կարող է նաև գոլերի հեղինակ դառնալ։

«Այդ հայը կարող է արդյունավետ խաղալ առաջնագծում` ցանկացած դիրքից, բայց նա իրական հրաշքներ է գործում աջ դիրքից խաղալու ժամանակ կամ երբ հայտնվում է գնդակին հարվածողի հետևում և ստանձնում ազատ գործակալի դերը»,- գրում է պարբերականը։

Մխիթարյանը` խաղի լավագույն ֆուտբոլիստ. հիանալի մեկնարկ կամ երկու հեթ տրիկ` մեկ խաղում

Հեղինակը նաև նշում է, որ Մխիթարյանի խաղի ոճը համապատասխանում է Արսեն Վենգերի մշակած սխեմաներին` լինի դա 4-3-3 կամ 4-2-3-1 սխեման, նա միշտ իր տեղը կգտնի հարձակվող կիսապաշտպանների շարքում` Մեսուտ Օզիլի կողքին։

«Մխիթարյանը փլեյմեյքեր է, նրա աշխատանքն է պաշպանություն իրականացնելը և այդպիսով առաջնային դիրքերում խաղացող եռյակին գոլ խփելու հնարավորություն ընձեռելը, կամ էլ հակահարձակումների ժամանակ տեմպ հաղորդելը բացվող «զսպանակին»`դեպի հակառակորդի տուգանային գրոհելով»,- գրված է հոդվածում։

Football.London-ը նաև անդրադարձել է Հենրիխի ուժեղ, ինչպես և թույլ կողմերին։ Հայ հարձակվողի առավելությունը հոդվածի հեղինակները համարում են նրա իմպրովիզներ անելու ունակությունը։

«Ժամանակակից շատ ֆուտբոլիստներ տեխնիկապես լավ են խաղում, սակայն երևակայությունը հազվադեպ և արժեքավոր ռեսուրս է մնում»,- նշված է հոդվածում։

Մխիթարյանը շատ է հավանում «Արսենալի» խաղաոճը

Ինչ վերաբերում է ֆուտբոլիստի թույլ կողմերին`Football.London-ն արդարացիորեն նշում է, որ Հենրիխին լավ պատրաստվածության և ինքնադրսևորման համար հոգեբանական համապատասխան տրամադրվածություն և հարկավոր։ Անգամ դորտմունդյան «Բորուսիայում» նա անկայուն էր Յուրգեն Կլոպի ժամանակ։ Նա իր ամբողջ ներուժն ի ցույց դրեց Թոմաս Տուխելի ղեկավարության ժամանակ։ «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերն այդ առումով նրա համար կատարյալ ղեկավար է։ Դրանում վստահեցնում է հոդվածագիրը։

«Մխիթարյանը նախանձախնդիր մարդու երազանքն է։ Անսահման շնորհալի, նրբագեղ խաղացող է, նա կարող է նպաստել «Արսեն Վենգեր» ապրանքանիշով ներկայացող ֆուտբոլին իր երբեմնի փայլն ու շքեղությունը վերադարձնելուն,- գրված է հոդվածի վերջում։

Հիշեցնենք, Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ» էր տեղափոխվել հունվարի վերջին, այդ օրվանից նա «զինագործների» թիմում երկու խաղի է մասնակցել։ Առաջին խաղում, որը «Սուոնսիի» դեմ էր, կիսապաշտպանը երկրորդ խաղակեսում դուրս եկավ փոխարինման, սակայն շատ բանով չկարողացավ օգտակար լինել իր թիմին։ Բայց երկրորդ խաղը` «Էվերտոնի» դեմ, նրա հաղթարշավն էր. այդ խաղի ժամանակ Մխիթարյանը երեք գոլային փոխանցում իրականացրեց և այդ առումով համեմատվեց չիլիացի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսի հետ, ով Հենրիխի փոխարեն տեղափոխվել է «Մաչեսթեր Յունայթեդ»։