ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երկու հայ վիրավորում են ստացել Սիրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով, հայտնում է Հալեպի հայկական «Գանձասար» թերթը։
Այսօր` փետրվարի 5–ին, ահաբեկիչները հրաձգություն են սկսել Դամասկոսում, ասվում է հաղորդագրության մեջ։ Պարբերականի աղբյուրը ոստիկանությունում հայտնել է, որ հրաձգության է ենթարկվել Բաբ Թումա թաղամասը։
Թերթի տվյալների համաձայն` արկերից մեկը ընկել է հայաբնակ տան վրա։ Տան սեփականատեր Նուրիցա Դեմիրճյան–Օտչյանը, նաև նրա եղբայր` Սարգիս Դեմիրճյանը վիրավորում են ստացել։ Եվս մեկ կին, որը խնամում էր Նուրիցային, մահացել է տեղում։
Հայկական համայնքի ներկայացուցիչները վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել։
Կնոջը պետք է վիրահատեն։ Եղբոր վնասվածքը թույլ է։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Դամասկոսում տեղի ունեցած ականնետային հրաձգության հետևանքով մահացածներ ու վիրավորներ կան։ Կրակ է արձակվել հումանիտար օգնության բոլոր կետերի վրա, քրիստոնեական տարբեր եկեղեցիների հարևանությամբ։