Արցախը հետաքրքրել է լիտվացիներին. ժենգյալով հացի մասին պատմում է հեղինակավոր կայքը

Մերձբալթյան երկրների բլոգերների թիմը 2017թ–ին երկու անգամ այցելել է Արցախ։ Ճանապարհորդության արդյունքում նրանք ֆիլմ են նկարահանել և իրենց դիտանկյունից ներկայացրել հիասքանչ Արցախը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Լիտվայում հայտնի 15min Pasaulis Kienėje կայքը նախօրեին հրապարակել է բլոգերներ Ալեքսանդր Ալիմովի և Ստանիսլավ Գորբունովի «Ճանապարհորդություն Արցախ» ֆիլմը, պատմել այդ փոքրիկ երկրի յուրահատկությունների մասին։

«Լիտվայում հայտնի 15min Pasaulis Kienėje լրատվական կայքն անդրադարձել է արցախյան մեր այցին ու մեր ուղևորության մասին պատմող ֆիլմին»,- գրել է Ալիմովը Facebook-ի իր էջում։

«Լեռնային Ղարաբաղ. ճանապարհորդություն գոյություն չունեցող երկիր, որտեղ հացի համը կախված է տարվա եղանակից» խորագրով հոդվածում պատմում են, թե ինչն է բլոգերներին դրդել Արցախ այցելել, ներկայացվել է նաև Ալեքսանդր Լապշինի հետ կատարված չարաբաստիկ պատմությունը։

«Քանի՞ անգամ եք դուք լսել Արցախի` Հայաստանի և Ադրբեջանի կռվախնձորի մասին։ Ինչո՞ւ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը նույնիսկ խորհուրդ չի տալիս մեկնել այնտեղ։ Բայց գիտե՞ք արդյոք, որ այդ երկրի բնությունը հիասքանչ է, և դուք հավանաբար այլևս ոչ մի տեղ չեք գտնի նման համեղ հաց, ինչպես այստեղ», — նշված է հեղինակավոր կայքի նյութում։

Արցախի թթի օղին ռուսաստանցուն ստիպեց կնության տալ դստերը

Պատմելով Արցախի առանձնահատկությունների մասին` հոդվածի հեղինակն անդրադարձել է խոհանոցին, մասնավորապես` թթուներին և ժենգյալով հացին։

«Ամենաինքնատիպ ուտելիքը շուրջ 20 տեսակ կանաչիներով պատրաստվող հացն է, դրանցից շատերի անունները մենք նույնիսկ չենք լսել։ Տեղի բնակիչներն ամբողջ տարվա ընթացքում կանաչին հավաքում են սարերում։ Ինձ թվում է` աշխարհում այլևս ոչ մի տեղ նման հաց չկա», —Գորբունովի ասածն է մեջբերում կայքը։

Հոդվածում հատուկ խոսվում է արցախցիների զարմանալի հյուրընկալության և հայրենասիրության մասին, որի շնորհիվ նրանք երբեք չեն լքի իրենց հայրենիքը։

Հոդվածագիրը չի մոռանում նաև այն հետևանքների մասին, որոնք կարող են ծագել Արցախ այցելելուց հետո, մասնավորապես, կայքն ընդգծում է, որ կարելի է Ադրբեջան մուտք գործելու արգելք ստանալ։

Բլոգերների ֆիլմը համացանցում հրապարակվել է հունվարի 29-ին։