Որտեղ կարելի է քվեարկել Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամանակ

Հայաստանում ապրող Ռուսաստանի քաղաքացիները նախագահական ընտրություններին կարող են քվեարկել երկու տեղամասում։ Կարևոր է չմոռանալ փաստաթղթերը վերցնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Մեր երկրում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակել է Ռուսաստանի նախագի ընտրության օրը՝ մարտի 18 —ին Հայաստանում քվերակելու կարգը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում մշտական կամ ժամանակավոր բնակություն ունեցող ՌԴ քաղաքացիները Ռուսաստանի նախագահի ընտրության օրը՝ մարտի 18-ին, ժամը 08:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում կկարողանան քվեարկել երկու հիմնական ընտրատեղամասում՝ Երևանում № 8026 տեղամասում, որը տեղակայված է լինելու ՌԴ դեսպանատանը (հասցե՝ Գրիգոր Լուսավորչի փողոց, 13/3 շենք), և Գյումրիում № 8031, որը տեղակայված է լինելու ՌԴ գլխավոր հյուպատոսությունում (հասցե՝ արեգին Նժդեհի փողոց, 1-ին շենք)։

Գորիս, Կապան և Սիսիան քաղաքների բնակիչների համար մարտի առաջին տասնօրյակում արտահերթ շարժական քվեարկություն կիրականացվի № 8026 ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ (արտահերթ քվեարկության օրվա, ժամի և տեղի մասին նախապես կհաղորդվի):

Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների քվեարկությունը կազմակերպելու համար չորս լրացուցիչ ընտրատեղամաս է ստեղծվել։ Դրանք գտնվում են ՀՀ տարածքում Ռուսաստանի պաշտպանության նախարարության զորամասերի տարածքում։ Արմավիրի, Արտաշատի և Մեղրու ռուսական սահմանապահ ջոկատների և նրանց ընտանիքի անդամների համար արտահերթ շարժական քվեարկություն կանցկացվի։

Քվեարկությանը մասնակցելու համար ընտրողը պետք է անձամբ ներկայանա և ներկայացնի իր գործող ռուսական անձնագիրը՝ ներքին, արտասահմանյան կամ ծառայողական: