Մխիթարյանը` խաղի լավագույն ֆուտբոլիստ. հիանալի մեկնարկ կամ երկու հեթ տրիկ` մեկ խաղում

«Արսենալ»– «Էվերթոն» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հայ կիսապաշտպանը, ով մի խաղում միանգամից 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Էվերթոնին»: Հենրիխ Մխիթարյանը սեփական հարկի տակ դեբյուտային խաղում ֆանտաստիկ խաղ ցուցադրեց` դառնալով առաջին ֆուտբոլիստն Անգլիայում, ով այս մրցաշրջանում մեկ խաղում երեք արդյունավետ փոխանցում կատարեց:

Լոնդոնյան թիմի կազմում, այսպիսով, երկու ֆուտբոլիստներ նոր արդյունք գրանցեցին՝ Արոն Ռեմսին խփեց երեք գնդակ, Մխիթարյանը կատարեց գոլային երեք փոխանցում: Դեբյուտային խաղում արդյունավետ հարվածով աչքի ընկավ «Արսենալի» մյուս նորեկը՝ Պյեր Էմերիկ Օբամեյանգը:

Մխիթարյանը շատ է հավանում «Արսենալի» խաղաոճը

Հայ ֆուտբոլասերի համար այս խաղը նոր շունչ էր, սպասումների իրականացում: Մենք խաղադաշտում հերթական անգամ տեսանք մեր առաջատարին, ով խաղում է բարձրակարգ ֆուտբոլ և իր վարպետությամբ դեռ փայլելու է անգլիական և եվրոպական խաղադաշտերում: «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխի խաղը խամրել էր: Վստահ կարող եմ ասել, որ մանկունյանցիների կազմում հայ ֆուտբոլիստի խաղը պայմանավորված էր Ժոզե Մոուրինյոյի  գործոնով: Ու ընդ որում` ոչ միայն ֆուտբոլային:

Հենրիխն իր նախկին ակումբի կազմում կարծես «գծված» էր խաղում` առանց իմպրովիզացիայի, առանց իրեն բնորոշ տեղաշարժերի ու արագացումների: Իսկ «Արսենալի» մեկնարկային կազմում առաջին իսկ խաղում պարզ երևաց, թե ինչի է ունակ Մխիթարյանը, և ինչպես պետք է դա օգտագործել: Ամբողջ խաղի ընթացքում հայ ֆուտբոլիստի խաղը հաճելի ուրախություն էր պարգևում: Օգտագործելով հարձակման ամբողջ ճակատը` Հենրիխը հայտնվում էր կամ աջ, կամ ձախ եզրերում: Գրոհում էր կենտրոնով ու պատեհ առիթը ձեռքից բաց չէր թողնում նաև գրոհը հարվածով եզրափակելու համար:

Մխիթարյանի փոխանցումից հետո գնդակը հայտնվեց դարպասում. «Արսենալը» հաղթում է «Էվերթոնին»

Մինչև «Արսենալ» տեղափոխվելը Մխիթարյանը մանկունյանցիների կազմում այս մրցաշրջանում անցկացրած բոլոր խաղերում կատարել էր գոլային հինգ փոխանցում: Եվ նոր թիմում առաջին իսկ խաղում համարյա նույն ցուցանիշին հասավ: Սա նշանակում է, որ հայ ֆուտբոլիստին ընդամենը մի քանի մարզում էր հարկավոր, որպեսզի հարմարի նոր թիմի խաղին: Անկասկած, «Արսենալի» կազմում ռազմավարական նշանակություն ունի Մեսութ Օզիլի խաղը: Աշխարհի չեմպիոնը հիանալի է տեսնում խաղադաշտը, և նրա կտրուկ փոխանցումները հարձակման գծի խաղացողներին անմիջապես սրում են խաղը: Կարճ ասած Օզիլն ու Մխիթարյանը ժամանակի ընթացքում կարող են նոր փայլ հաղորդել զինագործների խաղին:

Այս երկու ֆուտբոլիստների էֆեկտիվությունից անմիջապես օգտվում է Արոն Ռեմսին, որը ոչ պակաս կարևոր շղթա է «Արսենալի» հարձակման ժամանակ: Մխիթարյանի և Օզիլի ակտիվ խաղի պայմաններում «Էվերթոնի» հետ Ռեմսին ազատ տարածություններ էր ստանում ու հիանալի օգտագործում իր հնարավորությունները:

Պարզապես, «Արսենալի» խաղը ոչ կտրուկ, բայց փոխվելու է հաստատ: Նախկինում Ալեքսիս Սանչեսի վրա խաղացող թիմը հիմա այլընտրանք ունի ու ընդ որում` մի քանի: Մխիթարյան, Օբամեյանգ, Ռեմսի գումարած եզրից հարձակմանը միացող մյուս ֆուտբոլիստները:

Մխիթարյանը դիմել է Օբամեյանգին. «Yo Pierre, ուզում ես մեզ մոտ տեղափոխվե՞լ»

Բայց «Արսենալը» դեռևս խնդիրներ ունի: Եվ այդ խնդիրները կապված չեն հարձակման կամ ստեղծագործ խաղի հետ: Արսեն Վենգերի թիմը պաշտպանությունում, մեղմ ասած, լավ չի խաղում: Կոնսելնին ու Բելյերինը լավ մրցաշրջան չեն անցկացնում: Խնդիրները պաշտպանության և՛ եզրերում են, և՛ կենտրոնում: Հենց այս պատճառով էլ Արսեն Վենգերը կախված մրցակցից խաղում է կամ չորս, կամ նույնիսկ հինգ պաշտպաններով:

Այս մրցաշրջանում «Արսենալին» շատ դժվար կլինի տեղ գտնել Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում ու նվաճել չեմպիոնների լիգայի ուղեգիրը: Բայց Մխիթարյանի փորձով թիմը կարող է հաղթել Եվրոպայի լիգայում ու խաղալ Եվրոպական էլիտայում: Հայ ֆուտբոլիստը նման հաջողություն ապահովել է «Մանչեսթեր Յունայթեդին», հիմա էլ հերթը «Արսենալինն» է:

«Էմիրեյթսում» առաջին խաղից հետո Մխիթարյանն արդեն պոզիտիվ գնահատականներ է ստանում: Իսկ խաղի լավագույն խաղացող ճանաչվելը փաստում է, որ Մխիթարյանի տեղափոխությունը անհրաժեշտ էր և՛ Հենրիխին, և՛ «Արսենալին» և՛, իհարկե, մեր ազգային հավաքականին: