Երգչուհի Պելագեան հայ տղային «փախցրեց». Ռոբերտ Կասյանը հիանալի ելույթ ունեցավ «Ձայնը» նախագծում

Ռուսաստանի առաջին ալիքի եթերում մեկնարկեց երեխաների համար նախատեսված «Ձայնը» հեռուստաշոուի հինգերորդ եթերաշրջանը: «Կույր լսումներին» մասնակցող 13 տարեկան Ռոբերտի ելույթի ժամանակ շրջվեցին նախագծի ժյուրիի բոլոր անդամները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Կրասնոդարից ժամանած 13 տարեկան Ռոբերտ Կասյանը գերեց ռուսական առաջին ալիքի «Ձայնը. երեխաներ» նախագծի հինգերորդ եթերաշրջանի ժյուրիին:

Նա երգեց «Parlami d"amore, Mariu» բարդ ստեղծագործությունը, որը գրել է Վիտտորիո Դե Սիկան «Որքան սրիկա են այս տղամարդիկ» ֆիլմի համար (էկրան է բարձրացել 1932 թվականին): Այս երգը կատարել են Դմիտրի Խվորոստովսկին, Խոսե Կարերասը և Պլասիդո Դոմինգոն: Իսկ Ռոբերտը կատարեց Ռոբերտինո Լորետտիի տարբերակը:

«Մի քանի հրաշալի պահեր եղան, պարզապես հրաշալի… Իրական տաղանդի պահեր էին, իսկ տաղանդը, հայտնի բան է, ինչպես և հոգին, տարիք չունի: Ինձ թվում է` մեր դիմաց իսկական արտիստ է կանգնած, այնքան սիրով ես դու վերաբերվում երաժշտությանը: Նման մի արտահայտություն կա, որ կարող ես սիրել ինքդ քեզ արվեստի մեջ կամ արվեստը քո մեջ: Կարծում եմ` քո դեպքում երկրորդն է», — ասաց ժյուրիի անդամներից մեկը` Պելագեան:

Հենց նրան էլ Ռոբերտն ընտրեց որպես մարզիչ:

«Մի քանի այսպիսի երեխայի ուղղակի քթի տակից տարավ: Ավելի ակտիվ եմ սեղմելու կոճակը», — կատակով ասաց մեկ այլ մարզիչ Վալերի Մելաձեն:

«Փախցրեց», — ավելացրեց ռեփեր Բաստան:

«Դու եզրափակիչ փուլում հայտնվելու հնարավորություն ունես: Բայց չմեծամտանաս, շարունակի՛ր աշխատել», —  տղային հորդորեց հաղորդավար Դմիտրի Նագիևը:

Ռոբերտի հաջող ելույթը շնորհավորեց նաև Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը:

«Ձայնը. Երեխաներ» նախագծի հինգերորդ եթերաշրջանը մեկնարկել է փետրվարի 2-ին։

Նախագծին կարող են մասնակցել 7-14 տարեկան երեխաները: Կանոնների համաձայն` նախագծի առաջին փուլում անցկացվում են «կույր լսումները». Ժյուրին չի տեսնում երեխաներին, բայց լսում է նրանց ելույթները: Հետո ժյուրիի անդամներից յուրաքանչյուրը 15 հոգուց բաղկացած թիմ է հավաքում, որը հետագայում «զտվում» է։ Երեխաները լարված փորձություններ են հաղթահարում` մենամարտեր, նոկաուտներ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլեր, բայց հաղթողը միայն մեկն է լինում:

Հոբելյանական եթերաշրջանի ժյուրիի կազմում են երգչուհի Պելագեան, երգիչ Վալերի Մելաձեն և ռեփեր Բաստան: Նախագծի գլխավոր հաղորդավարը Դմիտրի Նագիևն է: