Հերոս հայը սեփական կերպարն է մարմնավորել Քլինթ Իսթվուդի ֆիլմում

Նորաթուխ դերասանի հետ նկարահանվել է նաև նրա կինը` Իզաբելլան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Անգլերենի մասնագետ, պրոֆեսոր Մարկ Մուղալյանը, որ 2015 թվականին փրկել էր Ամստերդամ-Փարիզ գնացքի ուղևորներին, նկարահանվել է Քլինթ Իսթվուդի «15:17-ին Փարիզում» (The 15:17 to Paris) ֆիլմում: Ինչպես հայտնում է Armenian Weekly-ն, Մուղալյանը ֆիլմում մարմնավորել է հենց իր կերպարը:

Պրոֆեսորի հետ նկարահանվել է նաև նրա կինը` Իզաբելլան, որն այդ օրը ամուսնու հետ եղել է գնացքում: Երկուսի անունն էլ գրված է ֆիլմի դերասանների ցանկում:

Քլինթ Իսթվուդի ֆիլմը պատմում է 2015 թվականին Ամստերդամից Փարիզ մեկնող Thalys 9364 գնացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Մուղալյանը գնացքի ուղևորներից մեկն էր: Գնացք էր ներխուժել Մարոկկոյում ծնված ծայրահեղական Այուբ ալ Կազանին` զինված «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգով: Մուղալյանը հարձակվել էր ահաբեկչի վրա և նրա ձեռքից խլել զենքը, բայց հանցագործը մեկ ուրիշն էր հանել ու կրակել։

Բժիշկները կարողացել էին փրկել Մուղալյանին, իսկ մեկ ամիս անց նա պարգևատրվել էր Պատվավոր լեգեոնի շքանշանով: