Քաղաքավարի գողերն իրենց հետևից փակել են դռները. Երևանում բացահայտել են բնակարանային գողերի խմբին

Քանաքեռ-Զեյթունում բնակարանային գողությունները բացահայտվեցին։ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հունվարին Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում բնակարանային գողության և գողության փորձի դեպքերը շատացել են: Դռները բացում էին հարմարեցված բանալիով, օրը ցերեկով ու գողանում հիմնականում հեռուստացույց, համակարգիչ, ոսկեղեն ու փող: Առաջին դեպքը գրանցվել էր հունվարի 17-ին, սակայն տեսել էին, որ տանը մարդ կա, հեռացել էին: Նույն օրը, նույն շենքի մեկ այլ բնակարանից նրանք գողացել էին փող, նոթբուք, նեթբուք, ֆոտոխցիկ ու հեռուստացույցի ալեհավաք:

Հունվարի 24-25-ին դարձյալ հարմարեցված բանալիով բացել էին Ուլնեցու փողոցի բնակարաններից մեկը, գողացել հեռուստացույց, նոթբուք, երկու լուսանկարչական ապարատ, մազի հարդարման սարք:

Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ Երևանի բնակիչներ Հակոբ Հ.-ն և Մհեր Ս.-ն Լեփսիուս փողոցի բնակարաններից մեկից գողություն են կատարել: Հենց այդտեղ էլ ոստիկաններին հաջողվել է բռնել նրանց և բերման ենթարկել ոստիկանության բաժին: Նրանց մոտ հայտնաբերել են ոսկեղեն ու տարբեր բանալիներ: