ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Shabeeg ապրանքանիշի հիմնադիր, դիզայներ Մերի Սուքիասյանը Նյու Յորքում անցկացվող նորաձևության շաբաթվա շրջանակում հայ ազգային մոտիվներով նոր հավաքածու կներկայացնի:
«Մենք վեց կերպար պետք է ցուցադրենք: Կլինեն հայկական թեմատիկայով տոպեր, անդրավարտիքներ, ինչպես նաև ազգային զարդանախշերով գուլպաներ: Քանի որ մենք պետք է ամբողջական կերպար ներկայացնենք, կցուցադրենք նաև աքսեսուարներ, այդ թվում` պայուսակներ», — ասել է նա:
Դիզայների խոսքով` Նյու Յորքի միջոցառմանը մասնակցելու հրավերը ստացել է հոկտեմբերին և շատ է ուրախացել: Shabeeg-ը միակ հայկական ապրանքանիշն է, որ իր աշխատանքները կցուցադրի այդ միջոցառման ժամանակ: Կազմակերպիչները Shabeeg-ը նկատել են Oriflame Fashion Week-ի տեսանյութում:
«Նրանց դուր է եկել մեր կոնցեպտը և որոշել են հրավիրել մեզ մասնակցելու այդ խոշոր ֆեշն միջոցառմանը: Այնպես որ մենք հնարավորություն կունեցանք լայն հասարակությանը ներկայացնելու հայկական էթնիկ մոտիվները», — նշեց Մերին:
Նա նաև ավելացրեց, որ երեք օր շարունակ հավաքածուն կներկայացնեն ցուցասրահում, իսկ փետրվարի 10-ին կփայլի բեմում:
Ցուցադրության շրջանակում կներկայացվեն աշխատանքներ, որոնք ընդգրկված են նոր հավաքածուում:
Դիզայները նշեց, որ անցյալ տարվա օգոստոսին Shabeeg-ը հայկական այլ ապրանքանիշների հետ մեկտեղ Կիևում մասնակցել է Mercedes-Benz Fashion Week-ին:
Մերիի խոսքով` ապրանքանիշն այս տարի նպատակաուղղված աշխատելու է ամերիկյան շուկայի հետ:
«Shabeeg-ն արդեն երեք տարվա պատմություն ունի, բայց խանութը երկու տարի առաջ ենք բացել: Քանի որ ապրանքանիշն այժմ ամենից լավ ներկայացված է Հայաստանում, հենց մեր երկրում էլ մեծ պահանջարկ է վայելում: Սակայն հաճախ մենք առցանց պատվերներ ենք ստանում արտասահմանից: Այս տարի ուզում ենք կենտրոնանալ ամերիկյան շուկայի վրա»,– նշեց նա:
Սուքիասյանի խոսքով` մեծ պահանջարկ ունի «Հայկական ֆաունա» շարքը` հայկական գամփռի, Վանա կատվի նկարներով։ Մեծ է նաև հայ արքաների պատկերներով շապիկների պահանջարկը: