ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Հայաստանի ավտոճանապարհների հիմնական խնդիրը հնացած ավտոպարկն է, Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասաց ճապոնական խոշոր ավտոդիլերի պաշտոնական ներկայացուցիչ Գրիգոր Համազյանը։
«Ես` որպես վարորդ և այդ ոլորտի մասնագետ, կարծում եմ, որ Հայաստանի ճանապարհների գլխավոր խնդիրը հին ավտոպարկն է։ Հատկապես մահացու ելքով վթարների «մասնակիցները» հաճախ շատ հին, օրինակ` խորհրդային ժամանակների արտադրության ավտոմեքենաներն են», — ասաց Համազյանը` այդ ավտոմեքենաները «փտած» անվանելով։
Ըստ նրա` դրանք պետք է ընդհանրապես հանել շահագործումից, հատկապես ավտոմայրուղիներում, որտեղ ավտոմեքենաները մեծ արագությամբ են սլանում։
Համազյանի հետ համաձայն չէ մամուլի ասուլիսի մյուս հյուրը` «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահի տեղակալ Դավիթ Պեդանյանը։ Նրա խոսքով` ՃՏՊ-ներին մեծ մասամբ մասնակցում են հենց նոր ավտոմեքենաներ, որոնց վարորդները հաճախ գերազանցում են արագությունը, իսկ որոշ դեպքերում նրանց ընդհանրապես չպետք է թույլ տրվեր ղեկի դիմաց նստել։
«Այնպես որ խնդիրը ոչ թե «փտած» ավտոմեքենաներն են, այլ «փտած վարորդական իրավունքները»», — ասաց Պեդանյանը։
Նա համաձայնեց, որ հին ավտոմեքենաների դեպքում մահացու ելքով ՃՏՊ-ների վտանգն ավելի մեծ է։
Ինչ վերաբերում է հայ հասարակության համար ցավոտ խնդրին` աջ ղեկով ավտոմեքենաներին, որոնց վերաբերյալ սահմանված արգելքը բուռն քննարկումների թեմա է դարձել, ապա Համազյանն ընդգծեց, որ ավտոարտադրողները ավտոմեքենաները հավաքում են` հաշվի առնելով ճանապարհային երթևեկության կանոնները և կոնկրետ երկրներում ավտոճանապարհների անվտանգությունը։
«Ավտոմեքենայի հավաքման որակը բացառապես կախված է ավտոմեքենայի դասից, կապ չունի` աջ ղեկ ունի, թե ձախ», — ասաց նա։
Մյուս կողմից` աջակողմյան երթևեկություն ունեցող երկրներում աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների վարորդներն ավելի քիչ տեսանելիություն ունեն ավտոմայրուղիներում։
«Ստացվում է, որ մեծանում է վթարի վտանգը», — ասաց Համազյանը` նշելով, որ պաշտոնական տվյալով` աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-ների քանակը մոտ 10%-ով շատ է։
Դավիթ Պեդանյանի կարծիքով` սեփական գույքի տնօրինումը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է, որը չպետք է ոտնահարվի։
Հայաստանում 2017 թվականին 3535 ՃՏՊ է տեղի ունեցել, ինչը 2016 թվականի համեմատ շատ է 10,4%-ով։ Անցած տարվա ընթացքում վթարների հետևանքով զոհերի քանակը հասել է 279-ի (2016 թվականին 266), իսկ տուժածներինը` 5179-ի (2016 թվականին` 4452)։