Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ընդգրկվել է «Սահմանադրությունը քննարկող հանձնաժողովի» կազմում

Սիրիայում քաղաքական գործընթացը սկսում ու շարունակվում է Սիրիական ղեկավարությամբ` առանց դրսի միջամտությունների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը սիրիական հարցով Սոչիում կայացած ազգային երկխոսության համաժողովը կարևոր քայլ է համարում, որին նա մասնակցել է որպես Սիրիա-Հայաստան Խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ:

«Իմ կարծիքով Սոչիի ժողովը շատ կարևոր է, քանի որ տեղի ունեցավ այն պահին, երբ Սիրիայում ահաբեկչության դեմ հաղթանակներ արձանագրվեցին: Սոչիի ժողովը փաստեց, որ Սիրիայում քաղաքական գործընթացը սկսում ու շարունակվում է Սիրիական ղեկավարությամբ` առանց դրսի միջամտությունների»,-«Արմենպրեսի» հետ զրույցում ասել է պատգամավորը:

Նա տեղեկացրել է, որ ժողովի արդյունքում ձևավորված «Սահմանադրությունը քննարկող հանձնաժողովի» անդամ է:

«Ժողովի ավարտին հրապարակված հայտարարությունը ինքնին բացահայտում է, որ սիրիացիները մեծամասնությամբ կառչած են ազգային սկզբունքներին և Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասել է Արիսյանը:

Սիրիայի հարցով ազգային երկխոսության համագումարը կայացել է հունվարի վերջին Սոչիում: ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրավիրվել է սիրիական հասարակության 1000-ից ավելի ներկայացուցիչ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք գործընկերներ: Մասնակիցները նաեւ հանդես են եկել ազատ ընտրությունների անցկացման օգտին, որոնք պետք է որոշեն երկրի ապագան: Կոնգրեսի արդյունքներով դրա մասնակիցները համաձայնության են եկել կազմելու սահմանադրական հանձնաժողով, որը կունենա 150 անդամ: