ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ՏՏ ոլորտը երկրում ակտիվորեն զարգանում է։ Այդ մասին նա ասել է` ելույթ ունենալով Ալմաթիում անցկացվող «Թվային օրակարգը գլոբալիզացման դարաշրջանում» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում։
Ինչպես նշել է ՀՀ կառավարության ղեկավարը, թվային վերափոխումը ոչ միայն քայլ է դեպի տեխնոլոգիական առաջընթաց, այլև միակ հնարավորությունն է՝ կարճ ժամանակահատվածում դառնալու արդյունավետ կառավարմամբ և տնտեսությամբ երկիր, ու այստեղ մեզ համար այլընտրանքներ չկան։
«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ակտիվ զարգանում է: Վերջին տարիներին այս բնագավառում մենք տարեկան ունենում ենք շուրջ 25 տոկոս աճ: Մենք դեռ չենք ամփոփել անցյալ տարվա արդյունքները, բայց ակնկալում ենք մոտ 28-30 տոկոս աճ», — Կարապետյանի ասածն է մեջբերում կառավարության մամուլի ծառայությունը։
Կարապետյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել նաև Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը` նշելով, որ 2016 թվականին այն աշխարհի լավագույն նորարարական դպրոց է ճանաչվել, և ներկայում կենտրոնն ընդլայնվում է ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս: Վերջերս Փարիզի քաղաքապետարանն է հայտարարել իրենց մոտ նման կենտրոն բացելու մասին:
Անդրադառնալով Հայաստանի թվային օրակարգին՝ վարչապետն ասել է, որ ներկայում թվային արագընթաց առաջխաղացումն իրականացվում է թվային փոխակերպման 6 հիմնական ուղղություններով՝ թվային կառավարություն, թվային հմտություններ, ենթակառուցվածք, կիբեռանվտանգություն, մասնավոր հատված, ինստիտուցիոնալ հիմքեր:
«Ազգային թվային օրակարգի առաջխաղացման արդյունավետ համակարգման նպատակով Հայաստանի կառավարությունը 2017 թվականին հիմնել է «Թվային Հայաստան» հիմնադրամը, մշակվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030 թթ.» զարգացման ծրագիրը: Թվային օրակարգի համաձայն՝ մինչև 2030 թ. «պետություն-բիզնես» ծառայությունների գծով մտադիր ենք հասնել 100 տոկոսանոց ցուցանիշի և 80 տոկոսանոց թվային փոխգործակցության «պետություն-բիզնես» ծառայությունների գծով»,- ասել է Կարապետյանը։
Համաժողովին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարներ, ՏՏ ոլորտի միջազգային փորձագետներ ու մասնագետներ: