Մխիթարյան–Սանչես փոխանակումից վնաս կրեցին «կարմիր սատանաները». փորձագետ

Լոնդոնցիները Մխիթարյանի և Սանչեսի գործարքից ավելի շատ շահեցին, քան «Մանչեսթեր Յունայթեդը», կարծում է ԲԿՄԱ–ի նախկին մարզիչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Լոնդոնի «Արսենալ» ակումբը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ավելի հոգեհարազատ է և մոտ է նրա փիլիսոփայությանը, ասել է Ռուսաստանի և անգլիական «Հալ սիթիի» նախկին մարզիչ Լեոնիդ Սլուցկին։ Այս մասին գրում է «Սովետսկի սպորտը»։

«Մխիթարյանի փոխանակումը հիշվելու է։ Երկու ակումբն էլ բարձր որակավորում ունեցող խաղացողների ձեռք բերեց։ Բնականաբար, բոլորը կասեն, որ ավելի շատ շահեց գործարքից «ՄՅու»-ն։ Իսկ ես համոզված եմ, որ «Արսենալը»։ Լոնդոնցիներն ազատվեցին այն ֆուտբոլիստից, որը չէր ցանկանում խաղալ թիմում և այդքան էլ մոտիվացված չէր։ Փոխարենը ձեռք բերեցին ֆուտբոլիստի, որը մեծ ցանկություն ունի ապացուցելու, որ Մանչեսթերում ինքնադրսևորմանը խանգարող պատճառները սպորտի հետ կապ չունեին», — ասել է Սլուցկին։

Նրա խոսքով` դեռ մեծ հարց է, թե ով ավելի մեծ օգուտ կբերի։

«Շատ ուրախ եմ Հենրիխի համար, որը իրեն հոգեհարազատ ու իր փիլիսոփայությանը մոտ թիմում հայտնվեց։ Նա իր մոտիվացիայով և վարպետության մակադրակով կարող է Անգլիական պրեմիեր լիգայի բացահայտումը դառնալ։ Բացի այդ, նրա վրա այդքան ճնշում չեն գործադրի, ինչպես Օբամեյանգի։ Իմ կանխատեսմամբ, նրա տրանսֆերը նույնիսկ ավելի օգտակար է լինելու», — ասել է Սլուցկին։

«Հրաշալի է նորից միասին լինել, եղբայրս». Մխիթարյանն ու Օբամեյանգը կրկին նույն ակումբում են

Նա նշել է, որ Մխիթարյանը բավականաչափ կայուն ֆուտբոլիստ է, և նա պետք է «Արսենալին» ավելի շատ հավասարակշռություն հաղորդի հարձակման և պաշտպանության միջև։ Իսկ Օբամեյանգը լավ խաղացող է, բայց սպեցիֆիկ հարձակվող, որին պետք է հարմարեցնել։

Պարբերականը մեջբերում է նաև «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ասածը։

«Օբամեյանգի և Մխիթարյանի կա՞պը։ «Արսենալը» գրոհող թիմ է, այդ պատճառով հույս ունեմ, որ նրանք փոխըմբռնում կգտնեն, ինչպես եղել է «Բորուսիայում»», — ասել է Վենգերը։

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մի մասն էր դարձել։