Հայաստանի խաղողը չի բավարարի գինու համար. ի՞նչն է պատճառը

Հայաստանում գինեգործները շատ են, իսկ լավ խաղաղը նախկինի պես` քիչ։ Իսկ այս տարի կարող է ավելի պակասել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Հայաստանում 2018 թվականին խաղողը կարող է չբավականացնել գինու համար։ Այսօր լրագրողներին այս մասին ասաց Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Նրա խոսքով` պատճառները երկուսն են`կարճաժամկետ և երկարաժամկետ։

Կարճաժամկետ. այս տարի հանրապետությունում ձյան քանակը քիչ է եղել։ Այդ պատճառով էլ գարնանը ոռոգման ջրամբարներում կարող է ջուր չհավաքվել։

Երկարաժամկետ. Հայաստանում վերջին տարիներին գնալով ավելի շատ գինի են սկսել արտադրել։ Կոնյակ արտադրողները հասկացան, որ գինուն պետք է նայել ոչ թե մատների արանքով, այլ որպես դիվերսիֆիկացիայի լավ աղբյուր և որպես պահուստային շատ լավ տարբերակ։

Սա ձեզ համար կոլա չէ. ինչու եվրոպացիները չեն հավանում հայկական տնական գինին

Արդյունքում վերջին հինգ տարիներին Հայաստանում գինեգործությունը զգալի ընդլայնվել է։ 4-5 տարի առաջ հանրապետությունում 6 — 6,5 հազար լիտր գինի էին արտադրում, իսկ 2017 թվականի ընթացքում արտադրել են 8,8 հազար։

Սակայն լավ գինին ավելի «պահանջկոտ» է խաղողի նկատմամբ, քան կոնյակը։ Իսկ Հայաստանի խաղողի «զամբյուղում» նման խաղողը 10%-ից պակաս է կազմում, քանի որ խաղողագործությունը մեզ մոտ միշտ կոնյակի համար էր «աշխատում»։

«Այդ պատճառով լավ խաղողը չէր բավարարում։ Իսկ եթե սրան գումարենք ոռոգման բացակայությունը, կստացվի, որ աշնանը գինի և կոնյակ արտադրելու համար մեզ կարող է 30-40 հազար տոննա խաղող չբավականացնել։ Սև տեսակներ կարող են ընդհանրապես չլինել», — ասաց Հարությունյանը։

Բնականաբար, սա վատագույն սցենարն է, բայց վախենալու հիմքեր կան, ընդգծեց գինեգործը։