Ինքնաթիռի հրթիռակոծություն. սիրիահայ պատգամավորը պատմում է հարձակման մանրամասները

Հրթիռներն ընկել են Սիրիայի մայրաքաղաքի օդանավակայանում` ինքնաթիռից մի քանի մետր հեռավորության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Դամասկոսի օդանավակայանում գրոհայինները հարձակվել են ինքնաթիռի վրա, որում եղել են Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի մասնակիցները։ Սոչիից վերադարձողների շարքում է եղել նաև սիրիահայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը։

Պատգամավորը Sputnik Արմենիային հայտնեց, որ գրոհայինները երեք հրթիռ են արձակել, որոնք ընկել են ինքնաթիռից մի քանի մետր հեռավորության վրա։

«Ըստ երևույթին, ահաբեկիչները փորձում էին խոչընդոտել Սիրիայի քաղաքական ուժերի և խմբերի միջև երկխոսության գործընթացը, ձախողել հրադադարը։ Բարեբախտաբար, դա նրանց չհաջողվեց», — ասաց Ռեիսյանը։

Ահաբեկիչների գործողությունների հետևանքով ոչ ոք չի տուժել։

Սոչիում հունվարի 30-ին տեղի է ունեցել Սիրիայի ազգային երկխոսության համագումարը, որի գլխավոր արդյունքը դարձել է սահմանադրական հանձնաժողովի ստեղծումը։ Այն աշխատելու է Ժնևում։

Համագումարի մասնակիցները հայտարարություն են ընդունել երկրի ապագա կառուցվածքի սկզբունքներ մասին, որոնք ենթադրում են հարգել Սիրիայի ինքնավարությունը, տարածքային ամբողջականությունը և պաշտպանել բոլոր էթնիկական ու կրոնական խմբերի իրավունքները։