Բաքուն կրկին Արցախի դեմ «ջիհադի» կոչ է արել. ադրբեջանական ճիգերը տապալման են դատապարտված

Փորձագետներն այդ ճիգերն ապարդյուն են համարում, քանի որ բացի Թուրքիայից, մուսուլմանական մյուս պետություններին ընդհանուր առմամբ չեն հետաքրքրում Ադրբեջանի խնդիրները։
Sputnik

Աշոտ Սաֆարյան, Sputnik.

Ադրբեջանում հերթական անգամ փորձել են իսլամական խաղաքարտն օգտագործել ղարաբաղյան հակամարտության հարցում։ Այս անգամ հայերի դեմ «կողակիցներ» հավաքելու պատվավոր առաքելությունը ստանձնել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Ելույթ ունենալով Ստամբուլում կայացած միջազգային խորհրդաժողովում` Ադրբեջանի հոգևոր առաջնորդն ամբողջ աշխարհի մուսուլմաններին հորդորել է միավորվել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար։

Թուրքական բանակը կմարսի՞ Էրդողանի «ձիթենիները»

«Եվրոպան ու Արևմուտքը երկակի չափանիշներ են կիրառում մահմեդական երկրներում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Ի՞նչ արդարության մասին է խոսքը: Մենք կոչ ենք անում մահմեդական ամբողջ աշխարհին միավորվել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ», — ասել է Փաշազադեն:

Երևանը չուշացրեց պատասխանը։ Խորհրդարանի փոխխոսնակ և իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ղարաբաղյան հիմնահարցում կրոնական երանգ փնտրելն անբարոյականություն է։

Նա նաև հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և արաբական մի շարք երկրների հավասարակշռված մոտեցումն Արցախի հարցին խոսում է այն կարևոր փաստի մասին, որ Ադրբեջանի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության` Արցախյան հիմնահարցին կրոնական երանգ տալու բոլոր ջանքերը, դատապարտված են անհաջողության։

«Վերջին տարիներին Ադրբեջանը իսկապես ակտիվորեն փորձում է «իսլամականացնել» ղարաբաղյան հիմնախնդիրը։ Փաշաձեի ստամբուլյան հայտարարությունները նույն սերիայից են։ Մի կողմից` Բաքուն դիմում է եվրոպական ատյաններին` ղարաբաղյան խնդին իրենց համար ձեռնտու տարբերակով լուծման համար, մյուս կողմից` կրոնական խաղաքարտն են օգտագործում», — Sputnik Արմենիային ասաց իրանագետ, Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Գուտերեշի արցախյան գայթակղությունը կամ ԵԱՀԿ «կույր» դիտորդները

Բաքվի հակահայկական լոբբինգի հարթակներից մեկը Իսլամական համագործակցության կազմակերպությունն է (ԻՀԿ), որի կազմում 57 երկիր կա (ընդհանուր առմամբ` մոտ 1,5 միլիարդ բնակչությամբ)։

ԻՀԿ-ի գագաթնաժողովների ժամանակ պարբերաբար ընդունվում են հայտարարություններ ու բանաձևեր, որոնք «դատապարտում են Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի բռնազավթումը»։ ԻՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը 2012 թվականին Խոջալուի 1992 թվականի իրադարձությունները «ադրբեջանական ժողովրդի ցեղասպանություն է ճանաչել»։

Սակայն այդ ամենն, ինչպես ասում են, մեդալի միայն մի կողմն է։ Մյուս կողմում մենք տեսնում ենք, որ ԻՀԿ-ի ընդունած բանաձևերը բավականին քիչ արդյունավետ են ու գրեթե զրոյական ազդեցություն ունեն հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա։ Փորձը ցույց է տալիս` Թուրքիայից բացի, ԻՀԿ երկրներն անտարբեր են «հայկական բռնազավթման զոհ դարձած» «եղբայրական» Ադրբեջանի նկատմամբ։ Որպես կանոն` «ջիհադի» փորձերը հայտարարություններից այն կողմ չեն անցնում։

Նման ջանքերի անարդյունավետությունը մեծ մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը բավականին լավ հարաբերութուններ է զարգացնում իսլամական աշխարհի առաջատար երկրների` Պարսից ծոցի առանձին պետությունների` Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի ու հարևան Իրանի հետ։ Այո, իսլամական երկրների մեջ Բաքվի կողմնակիցներ էլ կան, հենց նույն Պակիստանը, որը մինչ այժմ չի ճանաչել Հայաստանի անկախությունը։

Փորձագետի կարծիքով` Հայաստանի ու նշված մուսուլմանական երկրների միջև քաղաքական երկխոսությունն ու տնտեսական հարաբերությունները ինչ-որ չափով հավասարեցնում են Բաքվի հակահայկական ջանքերը իսլամական միջազգային հարթակներում։

Սարգսյանը ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել է Մակրոնի հետ

Թուրքիայից բացի, անմիջապես ղարաբաղյան հակամարտության գոտու հետ սահմանակից առավել ազդեցիկ մուսուլմանական երկիր է Իրանը, որը Հայաստանի հարավային հարևանն է ու ռազմավարական գործընկերը։ «Չնայած հայտարարված ընկերության ու բարիդրացիական հարաբերություններին, Բաքվի ու Թեհրանի հարաբերութունները դժվար է անթերի անվանել։ Ադրբեջանական իշխանությունների կողմից շիաների առաջնորդների նկատմամբ կիրառած պարբերական ճնշումները, Կասպից ծովի շելֆի օգտագործման շուրջ հակասությունները, Բաքվի ու Իսրայելի տնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությունը լրջորեն բարդացնում են երկու պետությունների հարաբերությունները», — ասաց Ոսկանյանը։

Հաշվի առնելով այսօրվա իրողությունները` որքան էլ Բաքուն փորձի Հայաստանի ու Արցախի դեմ որևէ իսլամական ճակատ կազմել, միևնույն է` այդ բանակն անընդհատ տարբեր հատվածներում ճեղքեր է ունենալու։

Ղարաբաղյան հարցի վրա ուշադրություն գրավելու փորձը կարելի է բացատրել նաև մեկ այլ գործոնով. Ադրբեջանում աճել է իսլամական ծայրահեղականությունը։ Որքան էլ երկրի ղեկավարությունը փորձում է լռել այդ մասին, միևնույն է խնդիրը պարբերաբար ջրի երես է դուրս գալիս ակտիվության տարբեր աստիճանով։ Հակահայկական «ջիհադի» կոչ անելով` Ադրբեջանի քաղաքական ու հոգևոր այրերը հավանաբար փորձում են թուլացնել ծայրահեղականներին ու նրանց ազդեցությունը բնակչության վրա։