ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան և Ադրբեջան

Հակամարտության կողմերը ներկա պահին քննարկում են պայմանավորվածությունների իրագործումը, որոնք ձեռք են բերվել 2016թ–ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) փետրվարի 8–ին երկօրյա այցով կժամանեն Հայաստան։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Մոսկվան ակնկալում է Արցախում ԵԱՀԿ դիտորդական առաքելության շուտափույթ ընդլայնում. Լավրով

Երևանում նրանք բանակցություններ կանցկացնեն երկրի բարձրագույն ղեկավարության հետ և կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։

Փետրվարի 3–ին սպասվում է ամերիկյան համանախագահի այցը Ադրբեջան, հաղորդում է ԱՊԱ–ն։ Այնուհետև փետրվարին 6–ին Բաքու կմեկնեն ռուս և ֆրանսիացի համանախագահները։

Հունվարի 18-ին Կրակովում համանախագահների միջնորդությամբ կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են տվել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ վերանայված փաստաթղթին։

Նրանք նաև կոչ արեցին միջոցներ ձեռնարկել վստահությունն ամրապնդելու ուղղությամբ, ինչը լուրջ ներդրում կլինի բանակցային գործընթացում։