ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Իրանի պետական Seda-o-Simae Ezd հեռուստաալիքը ներողություն է խնդրել հանդիսատեսից եթերում հնչած արտահայտության համար։ Ընտանեկան հարցերի փորձագետը հեռուստաեթերում խորհուրդ է տվել համբուրել ամուսնու ոտքերը, երբ նա բռնություն է գործադրում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ISNA գործակալությանը։
Հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ հետագայում կփորձի «ավելի խիստ հսկել թողարկվող ծրագրերի բովանդակությունը»։
Նշենք, որ կին փորձագետը պատմել է` ինչպես պետք կինը վարվի ընտանեկան բռնության ժամանակ։ Նա այդպիսի իրավիճակում հայտնված կանանց խորհուրդ է տվել մերսել ամուսնու ոտնաթաթերն ու հետո համբուրել ոտքերը։
«Նույնիսկ եթե ձեր ամուսինը թմրամոլ է, եթե նա ծեծում է ձեզ, պարզապես արեք դա, ու ձեր կյանքում հրաշք տեղի կունենա»։
Փորձագետի խոսքով` համբույրն ու մերսումը կթուլացնեն ամուսնու լարվածությունը և կկանխեն նրա ուղեղի կաթվածն ու սրտի հիվանդությունները։