Շենգավիթում բանկոմատներ են վնասել. «վնասատուներին» ձերբակալել են. լուսանկարներ

Ոստիկաները պարզել են` ովքեր են վնասել Շենգավիթ վարչական շրջանի բանկոմատները և ձերբակալել են նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հունվարի 29-ի գիշերը Բագրատունյաց պողոտայի 44, Արշակունյաց պողոտայի 28/3 ու Նորագավթի 1-ին փողոցի 93-րդ հասցեներում տեղադրված բանկոմատները տեխնիկական միջոցներով վնասել էին և փորձել էին հատուկ սարքավորման միջոցով հասանելիություն ստանալ բանկոմատների համակարգչային համակարգերին՝ փող հափշտակելու համար: Այս մասին հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, նաև նրանց տեղաշարժը:

Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են 41-ամյա Արթուր Խուդինյանն ու 42-ամյա Յարոսլավ Ռոժկովը, որոնք բերման են ենթարկվել բաժին:

Артур Худинян

Ռոժկովի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի կրիչներ, երկու զույգ ձեռնոց, բժշկական դիմակներ, արցունքաբեր գազ, հեռադիտակ, նաև 25 սանտիմետրից ավելի երկարությամբ ծալովի դանակ: Էլեկտրազոդիչ սարքը, որով վնասվել են բանկոմատները, նույնպես Ռոժկովինն է: Այն հայտնաբերվել է դեպքի վայրերից մեկի զննությամբ:

Ярослав Рожков

Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերն ու բերման ենթարկվածները ներկայացվել են տարածքային նախաքննական մարմին:

Քրեական գործ է հարուցվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության փորձ կատարելու և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հատկանիշներով:

Յարոսլավ Ռոժկովն ու Արթուր Խուդինյանը ձերբակալվել են: