ՌԱԴԻՈ

Կիրակոսյան. «Հայտնի չէ, թե գորշուկը ինչպես է հայտնվել վաճառողների մոտ»

Վերջերս լրագրողները առևտրային առաջարկների կայքերից մեկում փորսուղի վաճառքի հայտարարություն էին հայտնաբերել, ինչը բնապահպանական շրջանակներում քննարկման թեմա էր դարձել: Օրինակա՞ն է արդյոք այդ կենդանու վաճառքը: Sputnik Արմենիային պարզաբանել է բնապահպան լրագրող, բնապահպանական Էկո-մեդիա ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը:
Sputnik

Նարինե Կիրակոսյան
Նարինեի տեղեկացմամբ՝ առք ու վաճառքի կայքերից մեկում 130 հազար դրամով կենդանի փորսուղի վաճառքի հայտարարություն է տեղադրված: Ոմանց պնդմամբ՝ այդ կենդանուն գնում են իր առողջարար յուղի և մսի համար, քանի որ մասնավորապես փորսուղի յուղը օգտագործվում է ժողովրդական բժշկության բաղադրատոմսերում:

«Այդ և նման այլ կենդանիների վաճառքն անօրինական է: Մի քանի տարի է բնապահպանության նախարարության կենսաբազմազանության գործակալությունը այդ կենդանիների որսի թույլտվություն չի տալիս, իսկ այս դեպքում հայտնի չէ, թե գորշուկը ինչպես է հայտնվել վաճառողների մոտ, արդյոք նրան անօրինականորեն չեն որսացել: Եվ եթե հետագայում այդ կենդանուն պետք է սպանեն, ապա դա նույնպես որս է: Ուստի տվյալ հայտարարությունն անօրինական է: Բայց վերահսկողություն չկա»:

Լրագրողի հավաստիացմամբ՝ այդ նույն կայքում նաև սկյուռի վաճառքի առաջարկներ կան, և ոչ ոք չի փորձում պարզել, թե կենդանիներն ի՞նչ ճանապահով են հայտնվել վաճառողների մոտ, ի՞նչ պայմաններում են պահվում և վաճառելուց հետո ի՞նչ է լինում նրանց հետ: