«Աշտարակ կաթ» ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է «Աշտարակ կաթ» ընկերության և խանութպանների վեճին։ Տնտեսվարողները պատրաստվում են բողոքի ցույց անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. «Աշտարակ կաթ» ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ այս ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը գործարանի նոր սեփականատիրոջ հետ լուրջ խնդրի առաջ են կանգնեցրել «Աշտարակ կաթ»-ի արտադրանքը վաճառող տնտեսվարողներին:

Խոսքն, ի դեպ, 200 խանութպանի մասին է, որոնց դեմ ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վճարել դեռ 2016թ. վճարված գումարները:

Մինչդեռ խանութպանները պնդում են՝ իրենք մատակարարված ապրանքների համար վճարել են գումարը, այն էլ՝ կանխիկ: Ու բացի այդ, տնտեսվարողներից մի քանիսը թերթին տեղեկացրել են՝ եթե իրենք ժամանակին վճարած չլինեին առաքիչներին, եթե նրանք էլ այդ գումարը փոխանցած չլինեին հաշվապահություն, ապա իրավունք չէին ունենա ապրանքի նոր խմբաքանակ ստանալ եւ առաքել:

«Ժողովուրդը» տեղեկացել է, որ «Աշտարակ կաթ»-ի դեմ այս 200 տնտեսվարողները վաղը պատրաստվում են բողոքի ցույց անել»: