Մոսկվան ակնկալում է Արցախում ԵԱՀԿ դիտորդական առաքելության շուտափույթ ընդլայնում. Լավրով

Հակամարտող կողմերն այժմ մոտ են այդ պայմանավորվածության իրականացման չափանիշների համաձայնեցմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Ռուսաստանը հույս ունի, որ արցախյան հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման մասին պայմանավորվածությունը շուտափույթ լուծում կստանա։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` Իտալիայի ԱԳՆ ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լավրովը հիշեցրել է, որ ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման մասին։

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ` Նալբանդյան–Մամեդյարով հանդիպման մասին

«Կարծում եմ, որ այժմ կողմերը մոտ են այդ պայմանավորվածության իրականացմանն ուղղված կոնկրետ չափանիշների համաձայնեցմանը, և մենք հույս ունենք, որ ԵԱՀԿ–ն այն կկարողանա օպերատիվ կերպով գործի դնել», – ռուս արտգործնախարարի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

Իտալացի արտգործնախարարն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել արցախյան հիմնախնդրի լուծման ուղիներ գտնելու համար։ «Կարծում ենք, որ ԵԱՀԿ–ն պետք է նպաստի Ռուսաստանի նման ակտիվ խաղացողի ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը», – նշել է Ալֆանոն։

Արցախում ԵԱՀԿ դիտորդների առաքելությունն ընդլայնելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2016 թվականին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։ Նախատեսվում է, որ դա թույլ կտա նվազեցնել լարվածությունը հակամարտության գոտում։

Սակայն, արդյունքում, Բաքուն փաստացի հրաժարվեց կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները` համարելով, որ դրանց իրականացումը կամրապնդի ստատուս քվոն հակամարտության գոտում։