Երևանի կենտրոնում փոխգնդապետ է դանակահարվել. կասկածյալը ձերբակալված է

Նախնական տեղեկություններով՝ փոխգնդապետի դանակահարությունը տեղի է ունեցել «Թեքեյան» կենտրոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Այսօր, ժամը 08։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Խանջյան փողոցի վրա գտնվող «Թեքեյան» մշակութային կենտրոնի մոտից Երևանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխել մի քաղաքացու։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Պարզվել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 43-ամյա Գ. Հ.-ն է, ով ուժային կառույցներից մեկի աշխատակից է, կոչումով փոխգնդապետ։ Նա թոքի հատվածում ստացել է սուր կտրող-ծակող առարկայից հարված։

Մինչ բժիշկները պայքարում էին փոխգնդապետի կյանքի համար, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են կասկածյալի ինքնությունը. նա Աբովյան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վարդան Գ.-ն է։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերել և բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նախնական տեղեկություններով՝ դանակահարությունը տեղի է ունեցել «Թեքեյան» կենտրոնի 1-ին հարկում։